ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու կոչը՝ ի շահ քաղաքացիական բնակչության։ Նա նորից է կոչ արել վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտականություններին համապատասխան՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։ Անցյալ շաբաթվա ընթացքում նա անմիջական կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի այդ հարցում ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը, ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
«Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք հակամարտության ընթացքում աճող կորուստների լուրերից, մասնավորապես՝ խաղաղ բնակչության շրջանում, որոնք շարունակում են տառապել շարունակական մարտական գործողություններից։ Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ արված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից»,- ասել է Ծերեթելին։
«Բացարձակապես անընդունելի են տարածաշրջանային ենթակառուցվածքները վնասելու սպառնալիքները, որոնք կարող են հումանիտար աղետի պատճառ դառնալ։ Շարունակվող ուժի գործադրումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այն դրա փոխարեն խլում է մարդկային կյանքեր և ավելի շատ է վատացնում բնակչության վիճակը»,- ասված է Ծերեթելիի հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան իր հերթին հավելել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է միշտ լինել հարթակ բանակցությունների համար, եթե կողմերը դա ցանկանան։ «Ուզում եմ նաև ընդգծել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն հետևողականորեն պաշտպանում է ԵԱՀԿ կառույցների և մեխանիզմների աշխատանքը, որոնց մասնակից երկրները հանձնարարել են կարգավորել այդ հակամարտությունը»,- ասել է Մոնտելան։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ