ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:
Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում և հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի:
Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության ընդլայնմանն ու դրանում այլ պետությունների ներգրավմանը:
Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքություն պահպանելու՝ իր ստանձնած պարտավորությունը:
Կարդացեք նաև
Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական և հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ: Մինչդեռ ղարաբաղյան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտոնական հայտարարության մեջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպես պատերազմ հրահրողի հանցավոր վարքագծին ու չի զսպում նրան:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:
Ելնելով վերը նշվածից`
պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին