Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում կարող է կնքվել զինադադար. Ալեքսանդր Մանասյանի պարզաբանումները

Հոկտեմբեր 06,2020 18:55

«Փոքրիկ Արցախը կռիվ է տալիս ահաբեկչական երկու պետությունների դեմ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նա փաստեց՝ մեր փոքրիկ Արցախը հայտնվել է գլոբալ գործընթացների կիզակետում, համաշխարհային գործընթացներում. «Հիմա Արցախում ընթանում են գլոբալ պրոցեսներ, քանի որ Արցախը կռվում է համաշխարհային ահաբեկչության դեմ, ինքը կռիվ է տալիս մարդկության համար: Մենք արցախյան դեպքերի այդ մասշտաբները կարգին չենք պատկերացնում»:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ մենք պետք է շեշտադրումը կատարենք Արցախի ժողովրդի արդեն ճանաչված ինքնորոշման իրավունքը հարգելու վրա: Նա պարզաբանեց. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, և ասել, թե մենք պայքարում ենք, որ ճանաչվի մեր ինքնորոշման իրավունքը, մի քիչ ճշգրիտ բանաձև չէ: Հիմա շատ կարևոր է հանգիստ մտածել մեր ապագա գործողությունների մասին, այն լեզվի մասին, որով խոսելու ենք բանակցային գործընթացում: Մենք անընդհատ խոսում ենք, թե պայքարում ենք, որ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Սխալ բանաձև է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մի քանի անգամ ճանաչվել է: Մենք նորից ենք դա ասում. փոխանակ ասենք՝ հարգեք արդեն ճանաչված իրավունքը: Մենք, փաստորեն, ջնջում ենք այն, ինչ ձեռք է բերվել: 1920-ի դեկտեմբերի 2-ին Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂ ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով յոթ շրջանների՝ անվտանգության գոտի լինելու թեզին՝ Ալեքսանդր Մանասյանն ասաց. «Ասում են, որ յոթ շրջանները անվտանգության գոտի է: Մենք այնտեղ անվտանգության գոտի չունենք: Լեռնային Ղարաբաղի շուրջ արտահայտությունը գցել են մեր բերանը, մենք կրկնում ենք դա, և այն միանգամայն մեր դեմ է: 30 տարի չենք հասկանում, որ դա սխալ է: Էս ի՜նչ քաղաքական մտածողություն է: Մենք աշխարհագրորեն ԼՂ-ից դուրս չենք եկել: Որտեղ կանք, դա Լեռնային Ղարաբաղն է: Կեղծ բանաձևը բերում են: Լեռնային Ղարաբաղի շուրջ կլինի, եթե հասնենք Բաքու: Նույն սխալը մենք որերորդ տարին է կրկնում ենք: Պետք է շտկել: Եթե հրադադար լինի, նույն բանն է կրկնվելու, թուրքը ուժ է հավաքում, նորից հարձակվում, քանի անգամ կարելի է թույլ տալ, մանավանդ այս պատերազմից հետո, երբ այն հանգամանքն է շեշտվում, որ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ»:

Ըստ քաղաքագետի՝ Բաքուն առաջին մեծ ձախողումն արդեն կրել է. կայծակնային պատերազմի խոստումը Անկարային նրան չի հաջողվել կատարել: Նա կրել է անդառնալի կորուստներ:

Ալեքսանդր Մանասյանը հորդորում է միջազգային հանրությունը չդիտարկել որպես մեկ միասնական երևույթ, այլ նրա հավաստմամբ՝ միջազգային հանրություն ասելով՝ հասկանում ենք աշխարհի առաջատար երկրները, որոնք էլ տոն են տալիս միջազգային հանրության գործողություններին:

Հարցին՝ ո՞ր պարագայում հնարավոր է հրադադարի հանել այս պատերազմում, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց. «Կարող է մի քանի պարագայում հրադադար կնքվել, եթե լինեն Ադրբեջանի վրա արտաքին ճնշումներ, եթե Ադրբեջանն այնքան հյուծվի, որ չկարողանա, եթե Ադրբեջանում բողոքի այնպիսի ալիք լինի, որ ազդի որոշումների վրա»:

Քաղաքագետը նշեց, որ այդպիսի ալիք Ադրբեջանում իրոք բարձրանում է. «Հին տերմինով ասած՝ քաղաքակիրթ աշխարհն արդեն հասկացել է խնդրի էությունը, և այս պատերազմն ավելի շուտ տեսնում է ցեղասպանության գծի շարունակություն. մի պետություն, որը հիմնվել է՝ որպես ցեղասպան պետություն մի այլ ցեղասպան պետության կողմից: Այսօր պատերազմ է մղվում խաղաղության պատվար, ողջ Կովկասում հավասարակշռության գրավական հանդիսացող Արցախի նկատմամբ: Արցախը խաղաղություն է ցանկանում, իսկ մյուս կողմը զավթիչ, ռազմաշունչ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031