Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է հոգեբանա-սոցիալական ծառայությունների բարելավման ծրագիր, որի շնորհիվ մարզի բնակիչները արտակարգ իրավիճակներում կստանան առաջին հոգեբանական օգնություն։
ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը Aravot.am ֊ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի ստեղծել վերապատրաստված մասնագետների մարզային ցանց և արագ արձագանքման խմբեր, որոնք արտակարգ իրավիճակներում պատրաստ կլինեն տեղի բնակչությանն ապահովել առաջին և անհապաղ հոգեբանական խորհրդատվությամբ։
«Մենք ցանկանում ենք հատկապես մարզերում զարգացնել էքստրեմալ հոգեբանության ոլորտը։ Իհարկե, մենք այս պահին ունենք տեղում աշխատող սոցիալական ՀԿ֊ներ, որտեղ կան հոգեբաններ, ինչպես նաև այնպիսի պետական կառույցներում ինչպիսին են մանկապարտեզներն ու դպրոցները կան հոգեբաններ, սակայն կա անհրաժեշտություն մասնագետների վերապատրաստման», նշել է Հարությունյանը։
Մարզպետի խորհրդականը նաև նշեց, որ մոտ ժամանակներս մարզպետարանը Երևանից ժամանած մասնագիտացված հոգեբանների օգնությամբ վերապատրաստման դասընթացներ կանցկացնի մարզի գյուղերից մեկի դպրոցի ուսուցիչների համար, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն աշակերտներին հարկ եղած դեպքում տրամադրել առաջին հոգեբանական օգնություն։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան