Արցախում ընթացող պատերազմի 10-րդ օրն է․ ադրբեջանցիները շարունակում են անդադար հրետակոծել խաղաղ բնակավայրերը։ Հիմա Արցախի բնակիչները տեղափոխվում են Հայաստան։ Շատերի փրկության առաջին հանգրվանը Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Գորիս քաղաքն է։ Այստեղ հյուրանոցներում, մանկապարտեզներում, առանձին քաղաքացիների տներում հրետակոծությունից փրկված արցախցիներին կացարաններ են հատկացնում։ Հյուրանոցներում տեղ չկա․ մարդկանց հոսքը չի դադարում։
Գորիսի մանկապարտեզներից մեկում մեկ օրում մոտ 150 արցախցիներ են ապաստան գտել։ Մանկապարտեզի մահճակալները փոքրիկների համար են, մեծերի համար անկողին են գցում հատակին, այլ կերպ հնարավոր էլ չէ։ Բայց այստեղ սնունդն ու այլ առաջնային օգնությունը ժամանակին ու կարգ ու կանոնով տրամադրվում է։ Նրանցից մի մասին տեղափոխում են մայրաքաղաք Երեւան եւ այլ քաղաքներ։ Շատերը հրաժարվում են Գորիսից դուրս գալ։
«Իմ բալան ճակատում կռվում ա, ես ոնց թողնեմ գնամ»,-ասում են մայրերը։
Ոմանք տաս օր է՝ լուր չունեն հարազատներից։
Կարդացեք նաև
«Ամեն սերունդ մի պատերազմ է տեսնում»,-ասում են Արցախի Նորագյուղից Գորիս տեղափոխված Խաչատրյանների ընտանիքի երեք կանայք։ Նորագյուղը Ասկերանի շրջանի ծաղկուն գյուղերից էր, կանայք ասում են՝ Նորագյուղը մի գեղեցկուհի էր, տեսնես հիմա ի՞նչ վիճակում է։
66 ամյա Գյուլնարա Խաչատրյանի երկու որդիները, ինչպես ինքն է ասում՝ հենա պոստերումն են, կռվում են ադրբեջանա-թուրքական բանակի դեմ։ Տիկին Գյուլնարայի ամուսինը տանից դուրս չի եկել, ծանր հաշմանդամություն ունի, դժվար է տեղաշարժվում, չի ցանկացել «բեռ» լինի իրենց տեղափոխողների համար, կնոջն ասել է՝ գնացեք փրկվեք, ես չեմ գամ, տղաներիս չեմ թողնի։
Ընտանիքը պատերազմը սկսվելու առաջին օրից պատսպարվել է տան գոմերում, այդտեղ մի քիչ ապահով էր։ «Էն ենք ըլալ գոմերին մեջ, որ շատ խփեցին թուրքերը, կարկուտ վերըծեցին մեզ յըրա, գյուղը ցրեվ են տվալ, հենա մաշին ենք փռնալ, փախալ, թոռներս ոտաբոբիկ են գնացել, գյում չինք՝ որտեղ են»,-պատմում է տիկին Գյուլնարան։ Անընդհատ ասում է՝ խոխեքը տկլոր տուսան եկալ․ «Կարեցել չենք մի պան էլ ա վերոնինք։ Ջհանդամ, թաքի տղեքս սաղ կենան, գան իրանց խոխանցը դիմավորեն։ Իմ խոխաս խոխան տեհավ պատերազմը, տղաս, թոռնս, ծոռնս տեհան կռիվը»։
Հրետակոծության ժամանակ տիկին Գյուլնարան ուզեցել է իր մարմնով պաշտպանել հարսին ու թոռներին, ասում է՝ թող ինձ վրա գա կրակը, էրեխեքը փրկվեն։
«Կրակոցը որ սկսվեց, փոքր թոռս եկավ, ասում ա՝ բաբո, էս ինչ ա, էս ուզում են մեզ սպանե՞ն»,-պատմում է Նորագյուղից Գորիս տեղափոխված Էլմիրա Խաչատրյանը։
Հետո խնամու մասին է պատմում, ասում է Մարտակերտում են, չեն կարողանում դուրս գալ, ճանապարհները հրետակոծությունից ավերվել են, խնամու ընտանիքը Մարտակերտում է մնացել, մեքենայի մեջ են քնում, ուրիշ հնար չունեն։ «Թուրքերն էնպես են արել, որ ժողովուրդը չկարենա դուրս գա, փրկվի»։
«Երկու ժամ հրետակոծել են, լրիվ տները ցրեվ են տըվալ, ասում են՝ ինքնաթիռով էլ են խփել»,-պատմում է Խաչատրյանների ընտանիքի հարսը՝ Մարինե Ավանեսյանը։
Գյուղում ապաստարաններ չկան, անհնար էր մնալ գյուղում, արագ հավաքվել են ու դուրս եկել․ «Եթե էդ ձեւի զենք ա, մենք կարել չենք փրկվինք, ապաստարանն էլ չէր փրկի»։
Կանայք կռվի այս թեժ օրերին խաղաղություն են ուզում, ուզում են իրենց սիրուն գյուղը վերադառնալ, էլ բան չեն ուզում՝ կռվող բոլոր տղաները կենդանի մնան, վերադառնան, էրեխեքին պահեն, տուն էլ նորից կկառուցեն։
«Ինձ ասում են՝ դու մի անգամ էս ամեն ինչի միջով անցել ես։ Ասում եմ՝ չէ, էս ուրիշ պատերազմ ա, էս ինչ զենքերով են խփում»,-ասում է տիկին Մարինեն։
Մինչեւ ե՞րբ պիտի պատերազմ լինի, դեռ քանի սերունդ պիտի պատերազմ ապրի․ կանանց առաջին ու գլխավոր մտահոգությունն է։
Հետո հիշում են, թե նախկինում ինչպես էին խաղաղ ապրում ադրբեջանցիների հետ, հարեւանություն, առեւտուր անում։ Բայց ասում են՝ հիմա ուրիշ վիճակ է, չեն պատկերացնում՝ ինչ լուծում կլինի, իրենք այսքանից հետո ինչպես կարող են ադրբեջանցիների հարեւանությամբ ապրել։
Այս ընտանիքը պատրաստ սպասում էր, շուտով գալու են նրանց տեղափոխեն Երեւան։ Իրենց զբաղեցրած տեղն էլ կտրամադրեն Արցախից նոր եկած ընտանիքներին, բայց ժամանակավոր, բոլորը սպասում են՝ շուտով պիտի վերադառնան իրենց հայրենի Արցախ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ