ԱԺ նիստում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ելույթի ժամանակ ամբիոնի մոտ գլխավերեւում պարզեց այն հրթիռներից մի մաս, որոնցով այս օրերին Ադրբեջանը հարվածում է Ստեփանակերտին, Արցախի այլ խաղաղ բնակավայրերին: «Սա գտել են Արցախում: Ամեն օր տասնյակ այսպիսի վտանգավոր եւ ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների հանդեպ: Դրանք լիցքավորվում են այսպես կոչված կասետաներով, որոնց կիրառումն արգելված է բոլոր միջազգային կոնվենցիաներով: Նման զինատեսակները խաղաղ բնակիչների հանդեպ կիրառողները հանցագործներ են՝ առանց վերապահումների: Եթե որեւէ մեկը կասկածում է, գնացեք Ստեփանակերտ եւ տեսեք կասետային չպայթած ռումբերը, որոնց վրա կարմիր ժապավեն կա, որպեսզի երեխաները վերցնեն եւ պայթեն…»,-ասաց Արման Աբովյանը՝ շեշտելով, թե ովքեր են պատերազմում մեր դեմ՝ ահաբեկչական Թուրքիան եւ Ադրբեջանը. «Այդ երկու հանցագործների առաջ Հաագայի տրիբունալի դռները պետք է բացվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ