Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ալիևի կողմից պահը համարյա իդեալական կերպով էր ընտրված. բոլորը զբաղված են». Ալեքսանդր Իսկանդարյան

Հոկտեմբեր 06,2020 17:05

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ տեղեկատվական դաշտում հայկական կողմը հաղթել է:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա փաստեց՝ Թուրքիայից հնչող հայտարարությունների տեմպն այլ է, միջազգային մամուլի, հանրության դիրքորոշումը՝ ևս, բայց այլ հարց է, թե սա ինչի կհանգեցնի: Նա միջազգային մամուլից մի օրինակ բերեց. «Հետևում եմ արևմտյան, ռուսական մամուլին: Օրինակ՝ գերմանական մամուլում կա այն հասկացությունը, որ եթե Ադրբեջանը և Թուրքիան դադարեցնեն պատերազմական գործողությունները, դա կնշանակի խաղաղություն, եթե հայերը դադարեցնեն պատերազմական գործողությունները, դա կնշանակի ցեղասպանություն»:

Ըստ քաղաքագետի՝ շատ հարցեր որոշվում են հենց առաջնագծում դասավորությամբ. «Այլ հարց է, որ շատ բան որոշվում է՝ ելնելով այն բանից, թե ինչպիսի դիրքավորում և ուժերի դասավորություն է առաջնագծում: Բլիցկրիգն արդեն չհաջողվեց: Բայց հենց սկզբից էլ Թուրքիան այս հարցում ներգրավված է եղել: Թուրքիան սովորական էրդողանական քաղաքականություն է վարում, ինչպես ամենուր: Թուրքիան, ինչպես ասում են՝ trouble maker է, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արդյունքում ունենալ դիվիդենտներ՝ Սիրիա, Իրաք, Լիվիա, Հունաստան, Կիպրոս, Ղրիմ, նույնիսկ Դոնբաս: Այս խնդրում Էրդողանը կորցնելու ոչինչ չունի. խնդիրներ ունենալու է Ալիևը: Այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ Թուրքիայի համար, օրինակ՝ պարոն Մակրոնի հայտարարությունները, դրանք արդեն առաջացել են, բայց դրանց Էրդողանը սովոր է»:

Ալեքսանդր Իսկանդարյանը տեսնում է տարածաշրջանում ռուսական ակտիվության աճ: Ըստ նրա՝ Չավուշօղլուի թռիչքը Բաքու հենց այս սերիայից էր. «Իհարկե, ՌԴ-ն փորձում է ինչ-որ կերպով իրավիճակի վրա ազդեցություն ունենալ, այլ հարց է, որ նա մեծ ծավալով չի անում, այլ բավականին ծուլորեն: Բայց փաստ է այն, որ վերջին օրերի ընթացքում դադարեցվել է ցանկացած ռազմական գործողություն հենց ՀՀ-ի նկատմամբ: Դա չի կարող պատահականություն լինել. չեմ կարող վստահաբար ասել, որ ռուսական կողմի միջամտության շնորհիվ է, բայց մյուս կողմից այլ ուժ չեմ տեսնում, որ դա կարող է»:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը կորցրեց այն ամենը, ինչ նա 30 տարիների ընթացքում կուտակել էր: Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ նորից նույնը նա չի կարող անել, քանի որ գումար էլ չունի՝ հաշվի առնելով նավթի գները:

Խոսելով բանակցությունների վերսկսման հնարավորությունների մասին և հարցին՝ հնարավո՞ր է պատերազմի ավարտից հետո Հայաստանը բանակցի ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա իրականության հետ կապ ունի: Եթե պատերազմից հետո բանակցային գործընթացը վերականգնվի, այդ բանակցությունների ձևաչափը կլինի այն, ինչ նախկինում. դա կլինի Ադրբեջանի հետո: Երկրորդ հարցն է, թե ինչպես այն կաշխատի: Իսկ Թուրքիան այդ բանակցային գործընթացում ներկա է, բայց ոչ ֆորմալ: Արցախն էլ թեև ֆորմալ առումով ներկա չէ բանակցային գործընթացին, բայց Արցախի ղեկավարության կարծիքն ազդեցություն ունի ՀՀ ղեկավարության կարծիքի վրա: Կոնֆլիկտը Ադրբեջանի հետ է, ոչ թե Թուրքիայի»:

Հարցին՝ Եվրոպայի և Ամերիկայի միջամտության սպասե՞նք, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Այն ռեժիմում, որում հիմա մենք գտնվում ենք, չեմ կարծում, որ կարող ենք լուրջ միջամտության մասին խոսել: Պարոն Ալիևի կողմից պահը համարյա իդեալական կերպով էր ընտրված: Բոլորը զբաղված են. ԱՄՆ-ն շատ ուժեղ զբաղված է ընտրություններով, նաև Թրամփի հիվանդությունը: ԱՄՆ-ից գիտեմ լրագրողների, որոնք գալիս էին Հայաստան, բայց Թրամփի հիվանդությունից հետո հետ գնացին, քանի որ ամերիկյան հեռուստադիտողին այլևս Ստեփանակերտը չէր հետաքրքրում, Եվրոպան պոստբրեքզիտ իրավիճակում է՝ կառավարման խնդիրներ, COVID-19- ի վրա կենտրոնացում: Այս ամենը բերում է նրան, որ  Եվրոպայի համար դժվար է համախմբված որոշում կայացնելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031