Արցախյան պատերազմում նահատակվել է Շիրակի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը։
Ինչպես տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից, 20-ամյա Էլֆիկ Ավետիսյանը Շիրակի մարզի Հայկավան համայնքից է, ժամկետային զինծառայող։
Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն Aravot.am-ին պատմեց, որ Էլֆիկը մարտական առաջադրանք կատարելիս է եղել, երբ տեսել է երկու ընկերների կյանքին վտանգ է սպառնում, կանգնել է դիրքում, որ զգուշացնի նրանց, իրեն են խփել, ընկերները փրկվել են։
Օֆելյա Հովհաննիսյանը նրան բնութագրում է որպես շրջահայաց, հավասարակշիռ ու պատասխանատու անձնավորության։
Կարդացեք նաև
«Քույրը ևս մեր ուսանողուհին է եղել, համեստ, շնորհքով ընտանիքի զավակներ են։ Աչքիս առաջ Էլֆիկի վեջին հրաժեշտն է դեկանատում, բանակ գնալուց առաջ մտավ, ցտեսություն ասելու, ասացի՝ Աստված քո հետ, երկու տարի հետո լայնաժպիտ կդիմավորեմ քեզ: Հունվարի 29-ին պիտի զորացրվեր․․․»,-սգում է դեկանը։
Էլֆիկը տան միակ արու զավակն էր, ունի երկու քույր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Էլֆիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից