Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին։
ASAM-ը թերթերում հրապարակած իր հայտարարություններում Փայլանին անվանել է «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ»։
Այդ կազմակերպությունը կոչ է արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» վերջինիս դեմ՝ այդպիսով, փաստորեն, թիրախավորելով հայ պատգամավորին։
Այդ հայտարարությունից հետո, ի աջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել․ «Պատգամավոր Կարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են նման թիրախավորումները ողբերգությունների ու ավերածությունների հանգեցնում։ Այդ պատճառով էլ բոլորս միասին հայտարարում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ», – ասված է ստորագրահավաքի տեքստում։
Կարդացեք նաև
Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ ASAM-ի հայտարարությունից հետո մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը կազմակերպության ղեկավարների դեմ դատական հայց էր ներկայացրել։