Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Մեսրոպյանը երեքշաբթի մեծ հպարտությամբ մտավ կրթօջախ ու շտապեց ուսուցչանոց ՝ առաջնագծում գտնվող ժամկետային զինծառայող աշակերտի շնորհավորանքները փոխանցելու գործընկերներին։
Երկուշաբթի ուշ երեկոյան՝ համարյա կեսգիշերին առաջնագծից զանգեց իր աշակերտը՝ Դավիթ Սարգսյանը։ «Հպարտությունս անեզր է, ուրախությունս՝ աներեւակայելի։ Ոսոխի դաժան ավերածությունների ներքո Դավիթը հիշեց, որ Ուսուցչի տոնն է։ Հեռախոսիս մյուս կողմում ռազմաճակատն էր, արցունքներս ամոթից խեղդվեցին Դավիթի զվարթ ձայնի՝ շնորհավորանքի մեջ, քանզի ուսուցիչն իրավունք չունի լքելու աշակերտի հույսի հենարանը»,–մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Մեսրոպյանը։
Վերջինիս պատմելով՝ Դավիթը դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն է եղել, Սյունիքի աշակերտական մարզային խորհրդի կոորդինատոր։ Դպրոցում սովորելու տարիներին էլ ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում։ Հիշում է՝ «Ուսանողական ամառ» փառատոնի շրջաններում կազմակերպվող ինքնավարության օրը համառ պայքարում ընտրվեց Կապանի քաղաքապետ։ «Ոգեւորվել էր հաղթանակից, ասում էր՝ ուրեմն կկարողանամ պայքարել ու հաղթել»,–մեծ ոգեւորությամբ պատմում է ուսուցչուհին։
Կարդացեք նաև
Դավիթ Սարգսյանը Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ուսանող է, դիվանագետ է ուզում դառնալ։ «Խելացի երիտասարդ է, հիմա նրան զորամասում նոր անուն են տվել «գնդի մոզգ»»,–ասում է Հասմիկ Մեսրոպյանը։ Դավիթի ուսուցչուհին կասկած չի ունի, որ մի օր լսելու ենք փայլուն եւ հրաշալի դիվանագետ Դավիթ Սարգսյանի մասին։
«Գիտեք, այս դժվար օրերին հիշել, ժամանակ գտնել ու զանգահարել, չգիտեմ ինչ ասեմ։ Հայ զինվորի քաջությամբ, պողպատե կամքով ու զավակի շրջահայացությամբ Դավիթը հեռախոսազանգով իր վրա վերցրեց նաեւ թիկունքն ամրացնելու, կորով հաղորդելու դժվար պարտականությունը»,–մեզ հետ զրույցում նշեց տիկին Մեսրոպյանը։ Իսկ երբ աշակերտն է գերազանցում ուսուցչին, ապա անպայման հաղթելու ենք՝ հրաժեշտից ասաց Հասմիկ Մեսրոպյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ