Ադրբեջանի մեդիահարթակում շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր ԱՀ Ստեփանակերտ քաղաքի տարածքից են ռմբակոծվել Գանձակը, Մինգեչաուրը, Բայլագանը, Շամխորը, Աղջաբեդին և այլ բնակավայրեր։ Aravot.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն ասաց, որ այս տեղեկատվությունը ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ ԱՀ ՊԲ-ն Ադրբեջանի ռազմական թիրախների խոցման համար գործում է համապատասխան ռազմական կանոնադրությամբ և գործելակերպով, որի հիմքում ընկած է սեփական քաղաքացիական բնակչության ապաթիրախավորման համար բոլոր հնարավոր մեխանիզմների կիրառումը:
«Իհարկե, Ստեփանակերտն ինտենսիվ հրթիռակոծելու համար Ադրբեջանին այսպիսի հիմքեր են նաև պետք: Բայց ադրբեջանական մեդիահարթակ հոսած փաստը մեկ այլ ասպեկտով է կարևորվում ՝ Ադրբեջանի տարածքում տեղակայված ռազմական օբյեկտների ԱՀ-ի կողմից պատասխան հեռահար հրթիռակոծման հարցում Ադրբեջանը մեղադրում է ՀՀ-ին, ինչը բազմիցս պաշտոնապես հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։ Այս երևույթը խոսում է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական կենտրոնի կողմից տեղեկատվական հոսքերի կառավարման անարդյունավետ մեխանիզմների և տեղեկատվական խուճապի մասին»,- ասաց Նելլի Բաղդասարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ