Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստ, քննարկվել է Արցախի խնդիրը. Մարուքյանը Արցախը ճանաչելը հիմա սխալ է համարում

Հոկտեմբեր 06,2020 13:35

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վաղը ԱԺ-ում նախատեսված ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն անիմաստ է, քանի որ այն հարցերը, որոնք ունեն, ռազմական դրության պայմաններում չեն կարող տալ: Նա ասաց, որ կարող է առանձին զանգել վարչապետին, հավաքվել, խոսել, բայց ուզում է խորհրդարանական ձեւաչափով դա կազմակերպել. «Մի գլուխը լավ է, երկուսը ավելի լավ է, բայց երեքը, չորսը հաստատ ավելի լավ է»:

Միջազգային հանրության արձագանքից Մարուքյանը գոհ է, ըստ նրա՝ կարողացել են հասնել նրան, որ Թուրքիային շատ խիստ գնահատականներ տրվեցին: Մարուքյանն առանձնացրեց ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, Մակրոնի հայտարարությունը, ԱՄՆ պետքարտուղարության, Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը. «Մինսկի խմբի համանախագահությունը, նաեւ կարեւոր պետություններ շատ խիստ հայտարարություններով են հանդես եկել»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստը, քննարկվել է Արցախի խնդիրը. «Թեժ խոսակցություն է տեղի ունեցել, հայկական կողմից ես եւ պարոն Ռուբինյանն ենք ելույթներով հանդես եկել, թշնամու կողմից էլ՝ իրենց պատվիրակները: Հենց այդ պահին Արցախում ռմբակոծվում էին մանկապարտեզներ, Ստեփանակերտում դպրոցներ, խիտ բնակեցված թաղամասերում ռմբակոծվում էին արգելված զենքերով, ինչի մասին տեղեկացրել ենք մեր գործընկերներին: Արձագանքների մասին չեմ կարող ասել, կոչեր էին հնչում, որ առանց նախապայմանների պետք է դադարեցնել արյունահեղությունը, մնացածը հետո խոսել, բայց բոլոր տեքստերում հղում է կատարվում Մինսկի խմբի համանախագահներին, որ դրան այլընտրանք չկա: Դա միակ ֆորմատն է, որ ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, Ադրբեջանը շատ է փորձել այդ ֆորմատը քանդել, այսօր էլ է փորձում ու Թուրքիային ուզում է ավելացնել այդ ֆորմատ: Թուրքիան Մինսկի խմբի երկիր է, բայց ոչ միայն իրեն անաչառ չի պահում, այլ պահում է՝ որպես պատերազմը սնուցող երկիր: Հիմա այդ երկիրը ուզում է դառնալ համանախագահ, ինչի մասին խոսել է Ալիեւը: Սա անթույլատրելի է ու որեւէ ձեւով չի կարող դա լինել: Վերջին տարիներին չկա հայտարարություն, որտեղ նախագահ Պուտինը, Թրամփը ու Մակրոնը իրար հետ ստորագրած լինեն: Այս հարցն այնքան է կարևորվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների համար, որ երեք նախագահներ ստորագրել են այդ թղթի տակ: Աշխարհում չկա հարց, որտեղ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրար հետ համահունչ մի բան անեն, սա միակ հարցն է ու երեւի թե միակ ֆորմատը, որտեղ այս երկրները միասնական մոտեցում են ցուցաբերում: Սա էլ է կարեւոր արձանագրում»:

Ըստ Մարուքյանի, բավականին լուրջ դիվանագիտական աշխատանք է տարվել թե՛ ԱԺ-ից, թե՛ ԱԳՆ-ից, թե՛ կառավարությունից:

Արցախից կոչեր են հնչում միջազգային հանրությանը ճանաչելու Արցախը: Այս առնչությամբ Մարուքյանն ասաց, որ Հայաստանի զինանոցում կա այդ նախագիծը, բայց հիմա տեղ ունենք դա չանելու: Նա ասաց, որ կարեւոր էր այդ ուղերձը հասցնել թշնամուն, բայց հիմա չի դրա ճիշտ ժամանակը. «Դա պետք է լինի վերջին կրակոցը: Եթե մենք դա անում ենք, նշանակում է որեւէ մեկի հետ էլ որեւէ բան չունենք խոսելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031