«Անազատության մեջ պարոն Ծառուկյանը ինչ հնարավոր է՝ անում է, բայց կապի, տեխնիկական խնդիրներ կան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա ասաց, որ այսօր պատերազմի մեջ ենք ու այս իրավիճակում հնարավոր ու անհնար բոլոր ջանքերը պետք է գործադրել՝ հաղթելու համար:
Հարցին՝ ԲՀԿ պատգամավորները գնացե՞լ են սահման՝ Արման Աբովյանը պատասխանեց. «ԲՀԿ-ականները առաջնագծում են: Երեկ ես եմ վերադարձել, պարոն Դավիթ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, առաջին իսկ օրվանից ԲՀԿ պատգամավորները առաջնագծում են, նույնիսկ մեր ֆրակցիայի կանայք երկու օր առաջ Վարդենիսում էին, հենց հիմա պարոն Մադաթյանը առաջնագծում կռվում է»:
Աբովյանն ասաց, որ վարչապետի հետ փակ հանդիպման անհրաժեշտությունը դեռ պետք է քննարկել, բայց ժամանակ հիմա ոչ մեկը չունի:
Կարդացեք նաև
Ըստ Աբովյանի, վերջին երկու օրերին միջազգային հանրությունը սկսել է ճիշտ շեշտադրումներ անել. «Արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են տեռորիստական կազմակերպություններ: Մեր կարեւոր խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը մատնանշի ու ասի՝ Ադրբեջանն ու Թուրքիան տեռորիստական պետություններ են, որոնք պատերազմում են Արցախի դեմ»:
Աբովյանն ասաց, որ կասետային հրթիռների օգտագործումն ինքնին ռազմական հանցագործություններ են, Ալիեւն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են ու դա պետք է ոչ միայն ամրագրել, այլեւ ապացուցային բազա հավաքել. «Պետք է հստակ ցույց տանք, որ այս մարդիկ խնդիր են դրել մեզ ոչնչացնելու, ոչ թե տարածքային ամբողջականության հարց են լուծում: Լոկալ առումով խնդիր է դրված հայ ժողովրդի ոչնչացումը, գլոբալ առումով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վերամիավորումը ու սա պետք է ցույց տանք միջազգային բոլոր հնարավոր ու անհնարին հարթակներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ