Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Հիշեցնենք, որ ըստ օրինագծի՝ սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից վիրավորված բնակիչները կստանան դրամական փոխհատուցում. կորցրած անասնագլխաքանակի համար եւս փոխհատուցում կտրվի կառավարության կողմից:
Այսօր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը կարեւոր փոփոխություն են արել՝ գյուղատնտեսական ցանկացած ոլորտի՝ գյուղտեխնիկա, կենդանիներ, այգիներ, վնասները կփոխհատուցվեն: Օրինագծի նախնական տարբերակում ներառված էին միայն գյուղատնտեսական կենդանիները: «Ադրբեջանի գործողությունների հետեւանքով ՀՀ սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական ցանկացած վնաս կփոխհատուցվի»,-շեշտեց Գաբրիելյանը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ օրինագիծը ժամանակին է բերվում, սակայն սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետեւյալը կարող է ասել. «Առավել կարեւոր է սահմանամերձ համայնքներում աշխատատեղի խնդիրը: Եթե 36-38 համայնքում աշխատատեղի խնդիրը լուծենք, շատ ավելի լավ արդյունք կունենանք: Հույսը դնել նրա վրա, որ գործարարը դա կանի, պետք չէ, որովհետեւ ռիսկերը մեծ են: Ուստի պետք է պետական ձեռնարկություն հիմնել ամեն համայնքում՝ վերամշակող ձեռնարկություն: Եթե այն մի քանի տարում ապահովի որոշակի շահութաբերություն, աստիճանաբար կարող է փոխանցվել մասնավորին: Պանրի, պահածոյի եւ նման արտադրություններ են պետք, մարդիկ անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ են զբաղվում»:
Կարդացեք նաև
Օրինագծի ամբողջական ընդունմանը կողմ քվեարկեց 100 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ