«Վիրավորների մասին տեղեկատվության բացը լրացնելու խնդրից մենք էլ ենք տեղյակ: Մենք էլ ենք ստանում բազմաթիվ զանգեր եւ հարցումներ՝ պարզելու համար, թե ով որտեղ է գտնվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ որոշ վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունը երբեմն հասանելի չի լինում ընտանիքի անդամներին:
«Այդ հարցն այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի: Թեժ գիծ կլինի, որի մասին կհայտարարվի: Դրանով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը եւ վիճակը՝ չնայած, վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել ընտանիքի հետ, եթե գիտակցության մեջ են: Շատ քիչ դեպքեր կան, երբ վիրավորներն անճանաչելի վիճակում են: Մենք եւ ՊՆ-ն զբաղվում ենք խնդրով»,-նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը նաեւ հայտնեց, որ վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության է, կան նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ. «Վերջինիս տոկոսը փոքր է, որովհետեւ, դժբախտաբար, ծանր վիրավորման դեպքում մինչեւ բուժկենտրոն հասնելը զինծառայողների մի մասը մահանում է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ