Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է բազմավեկտոր  քաղաքականություն. սպասենք, մինչեւ Երեւանի կենտրոնին խփեն, հետո ասենք՝ ՀԱՊԿ, հարձակվի՞ր». Արզիկ Մխիթարյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 06,2020 11:40

Մեր հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Արայիկ Հարությունյանի կուսակից Արզիկ Մխիթարյանը։

Միջազգային հանրությունը, բացի անհասցե կոչերից, մինչ այս պահը ոչինչ չի արել նախ՝ կուզենայի Ձեր կարծիքը լսել՝ ինչո՞ւ, որտե՞ղ ենք մենք թերանում, կամ գուցե այլ պատճառներ կան, մյուս կողմից՝ որքա՞ն ենք պատրաստ դիմագրավել այս մարտահրավերին, մենք կարո՞ղ ենք անվերջ պատերազմել։

– Պարզապես այդ հարցադրումը պետք է անել ոչ թե Արցախին, այլ Հայաստանի իշխանություններին։ Որովհետեւ Արցախն աշխարհի հետ զրուցելու իրավական կողմ չէ՝ չճանաչված պետություն, որի ղեկավարությունը չի կարող անմիջական կապի մեջ լինել միջազգային հանրության հետ։ Այդ հարցադրումը պետք է անել ՀՀ իշխանություններին, որոնք, ես չեմ ասում, թե լռության մեջ են, տեսնում եմ, որ ե՛ւ արտգործնախարարությունը, ե՛ւ դիվանագիտական խողովակներով փորձում են ինչ-որ բանի հասնել, բայց, այնուամենայնիվ, այն ակտիվությունը, որը պետք է բազմավեկտոր լինի․․․ Իհարկե, մենք բոլորս էյֆորիայի մեջ ենք, ուրախ ենք, որ որեւէ պետության ղեկավար բարենպաստ վերաբերմունք ունի մեր հանդեպ, բայց դա քիչ է, շատ քիչ, այսօր մեզ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բազմավեկտոր  քաղաքականություն, եւ, ինչու ոչ՝ պետք է Ռուսաստանի գործոնն ակտիվացնել, որը փոքր-ինչ թույլ է արտահայտվում։ Սա է, իմ կարծիքով, ամենակարեւոր հանգամանքը, որի վերաբերյալ Ձեր հարցադրումներով պետք է արթնացնեք Հայաստանի իշխանություններին։

Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետի, այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են արել, որ մենք կարող ենք եւ մեր անվտանգությունը կպաշտպանենք, մեզ հարկավոր չէ Ռուսաստանի, ՀԱՊԿի օգնությունը, իսկ եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, կդիմենք։

– Սա նշանակում է, որ մենք պետք է սպասենք այնքան ժամանակ, մինչեւ Արարատյան դաշտավայրից Երեւանի կենտրոնին խփեն, հետո ասենք՝ դե, ՀԱՊԿ, հարձակվիր, թուրքն եկե՞լ է։ Չեմ կարծում, թե սա արդարացվող տրամաբանություն է։ Իհարկե, կա իրավական պայմանագիր, երբ ՀԱՊԿ-ն կարող է գործուն ներգործություն ունենալ, երբ Հայաստանը վտանգված է, բայց, այնուամենայնիվ, մեր ամբողջ ժողովուրդը կրակի տակ է, եւ պատճառաբանում են, որ դուք ՀԱՊԿ-ի անդա՞մ չեք, դե թող կոտորենք, մենք էլ սպասենք այնքան, մինչեւ Երեւանի վրա մի ռումբ գցեն, ասեն՝ ՀԱՊԿ, արի մեզ փրկի։

Գուցե ՀՀ իշխանություններն օգնություն են ակնկալում Արեւմուտքից, թեպետ անգամ Նիկոլ Փաշինյանի «ընկերները», օրինակ, Վրաստանը՝ իր վարչապետով կամ Կանադան, մատը մատին չեն խփում, եթե չասենք՝ մեր դեմ են գործում։

– Այո, համամիտ եմ, որ ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը շրջափակված են ոչ բարեկամական պետություններով, նույն Վրաստանին մենք տարիներ շարունակ համարել ենք միեւնույն արմատներն ունեցող տարաբնույթ էթնոսներ, եւ թվում է՝ քրիստոնյա պետությունը պետք է մեզ ձեռք մեկներ, բայց դեպքերը ցույց տվեցին, որ կան գերտերությունների գերշահեր, որը չի շրջանցվում որեւէ պետության կողմից։ Այստեղ՝ մեր տարածաշրջանում ե՛ւ միայնակ ենք, ե՛ւ միայնակ չենք, որովհետեւ, այնուամենայնիվ, կան որոշակի կապեր ու հարաբերություններ այլ պետությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Ամերիկյան կողմնորոշում ունեցող մեր քաղաքական գործիչները, ասենք, ինչքանո՞վ են լավ պատկերացնում, որ կարող է ԱՄՆ-ն օվկիանոսի վրայից մեզ օգնության ձեռք մեկնի, եթե մեկներ, շատ լավ կլիներ, բայց մենք գործնական քայլեր առայժմ չենք տեսնում, Եվրոպան էլ լռության մեջ է, ուրեմն մեզ մնում է ե՛ւ Եվրոպայի նկատմամբ վերաբերմունքը, ե՛ւ Ռուսաստանի նկատմամբ մի փոքր ավելի ակտիվացնել։ Մեր իշխանությունները գուցե այս ճանապարհի վրա են, բայց փոքր-ինչ հապաղում է նկատվում։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031