Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարված եղավ՝ այնքան մոտ, որ շենքը դղրդաց». Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 06,2020 11:01

«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը երբեմն զրկված էր լինում օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտը կամ այլ քաղաքներ ռմբակոծության տակ են գտնվում, եւ անգամ շտապօգնության մեքենաները չէին կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այս գիշեր է վերադարձել Արցախից:

Շեշտելով Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների կատարման փաստը՝ նա նշեց. «Ինքս եմ ականատես եղել, որ հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարված է տեղացել՝ այնքան մոտ, որ դղրդաց: Այն կարող էր հարվածել հենց հիվանդանոցին: Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունները՝ մենք չէինք բացառում, որ ուղիղ հարված կլինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը եւս հանցագործություն է քաղաքացիական բնակչության հանդեպ: Ամբողջ Ստեփանակերտն արգելված զինատեսակների բեկորների մեջ է»:

Թորոսյանի խոսքով՝ չնայած այս ամենին, Հայաստանի բժշկական հանրույթն Արցախի կողքին է եւ զբաղվում է վիրավորների բուժմամբ, տարհանմամբ. «Անձանց վիրավորումների մեծ մասը 100%-ին մոտ է: Ականապայթյունային վիրավորումների մասին է խոսքը: Փաստացի, այս պատերազմն օդային, հրետանային զինատեսակների պատերազմ է: Մարդկանց մարմիններում շատ բեկորներ կան»:

Նախարարը տեղեկացրեց, որ Արցախի քաղաքացիական եւ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով եւ սարքերով:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031