«Մարդիկ ջան, Նառա Վարդանյանն առաջարկում է կազմակերպել կաթսաների ակցիայի նման մի ակցիա՝ մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր մինչեւ վերջնական հաղթանակը նույն ժամին երգել մեր ամենաոգեւորող երգերից մեկը: Ինչ կասեք»,-սա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ ֆեյսբուքում երեկ արված առաջարկն էր, որ բուռն քննադատության արժանացավ, իսկ ավելի ուշ նախարարը հանեց այն:
«Այս պահին ինքը թիկունքի ամենապատասխանատու դեմքերից մեկը պետք է լիներ՝ որպես սոցնախարար, բայց իր գործը բոլորս ենք անում ու կանենք հանուն ազգի»,-գրել էր օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր առաջարկել էր զինվորականներով փոխարինել կարեւորագույն գերատեսչությունների ղեկավարներին, որոնցից ոմանք ճիշտ չեն պատկերացնում իրենց անելիքներն ու պարտականությունները: «Իսկ զավակ կորցրած մայրերի համար հիմա ի՞նչ է արվում»,- վրդովել էին շատ օգտատերեր:
Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Զարուհի Բաթոյանի առաջարկը՝ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, որ մինչ պատերազմը հանդես էր եկել իր վրձնակիցների աշխատանքները հավաքելու, վաճառելու ու գումարը Բեյրութի հզոր պայթյունից տուժած մեր հայրենակիցներին ուղղելու առաջարկով, զարմացավ. «Ինձ թվում է երգելու ժամանակը չէ… Ես չեմ էլ պատկերացնում, թե դա ոնց էին պատրաստվում անել, որովհետեւ երգելու համար սիրտ է պետք»:
Գեղանկարչի խոսքով. «Մեր իրականությունն այնքան է խեղված, որ երբ բացում ես ֆեյսբուքը, համացանցից ուզում ես մի թարմ լուր լսել, մեկ էլ տարաբնույթ հիմար մեկնաբանություններ, խորհուրդներ ու առաջարկներ ես կարդում: Ոչ մասնագետը խորհուրդ է տալիս մասնագետին: Թողնենք մարդիկ աշխատեն, չխանգարելը լավագույն օգնությունն է, անգամ եթե ուզում ես լավագույն ցանկություններով աջակցել: Բոլորս մասնագիտություն ունենք, ամեն մեկը թող իր տեղում իր գործը լավ անի, իսկ կողքից բան ասելը, խանգարում է: Ցավոք, մեր իրականությունն էլ այնքան է քաղաքականացված, որ եթե անգամ լավ բան էլ ասվում է, մարդիկ չեն հավատում»:
Կարդացեք նաև
Հաղթանակ Շահումյանը հիշեց, որ Հայրենական պատերազմի ժամանակ հայկական Սփյուռքը՝ ի պատիվ հայ զինվորի, խորհրդային բանակին տանկային շարասյուն էր նվիրել, ուստի այսօր, երբ անկախ Հայաստանի ու անկախ Արցախի հարցն է, պատերազմի մեջ ենք, պետք է ավելի ակտիվ լինել: Գեղանկարիչը համոզված է՝ դա մուրալ չէ, այլ ամեն մեկի պարտքն է՝ հայրենիքի հանդեպ. «Երբեք աչքս չի եղել Սփյուռքի ձեռքին, բայց երբ խոսում ենք համազգային խնդիրներից, Հայաստանից ու Արցախից, պետք է յուրաքանչյուրն իր ներդրում ունենա՝ ով ինչպես կարող է: Մարդկային զոհեր ենք տալիս, մարդկանց ունեցվածքն է ոչնչանում…»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ