Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանում լավ է, բայց ես Մարտակերտ եմ ուզում գնալ»

Հոկտեմբեր 06,2020 11:07

PJC. Մարտակերտցի 5-ամյա Նորայրն է, երևանաբնակ Ռայա Հովհաննիսյանի բնակարանի պատշգամբից ոտնաթաթերի վրա ձգվելով, նայում է մայրաքաղաքին։ Չորրորդ օրն է՝ Երևանում է։

Հարցնում եմ՝ Երևանը շա՞տ է տարբեր Մարտակերտից, նայում է, ժպտում ու գլխով դրական պատասխան տալիս։ Ներս է գնում, տան մի անկյունից մյուսն է վազում, խնձորն ախորժակով խրթխրթացնելով հետևում, թե ով ինչով է զբաղված, հետո էլ տանտիրուհու շանը՝ Լաքիին է շոյում։

Աչքերից «կայծեր են» դուրս գալիս, բայց համառորեն լռում ու քչախոս է ձևանում։ Փոխարենը նկարչական ալբոմն է ցույց տալիս։ Մարտակերտում՝ տան հարևանությամբ գտնվող խանութն է նկարված, այն էլ՝ պայթյունից հետո։ Առանց բառերի՝ միայն նկարով, Նորայրը հասկացնում է՝ խանութից միայն «խ» տառն է մնացել․․․

Փոքրիկ տղայի մայրը՝ Լուիզա Մկոյանը, պատմում է, որ առավոտյան արթնացել են պայթյունի ձայնից, պատուհանները շարժվել են, մտածել է՝ երկրաշարժ է, բայց հարևաններին կանչելուց հետո իմացել է՝ կռիվ է սկսվել։

«Հարևան 2 երիտասարդներ սուրճ դրեցին, բերեցին բակ, ասացին՝ խմենք, մի քիչ թարմանանք, ամեն ինչ էլ լավ կլինի, մեկ էլ էն տեսանք, որ կողքի շենքը ռմբակոծեցին, պատուհանները ցրիվ եղան»,- ասում է Լուիզան։

Հենց այդ ժամանակ էլ որոշել են՝ պետք է անվտանգ վայր գնալ։ Նախ մեկնել են Ստեփանակերտ, հետո՝ Շուշի և վերջում միայն՝ Երևան։

Լուիզան ասում է՝ գիշերը 12-ին լվացք է փռել, բայց առավոտյան էդպես էլ չի հասցրել հավաքել, կեսը պարանին է մնացել, կեսը՝ լվացքի մեքենայի մեջ․․․

Լուիզայի հետ Երևանում են նաև 13 ու 11 տարեկան դուստրերը, 9 տարեկան որդին։ Ամուսինը Մարտակերտում է։ Նրանց հետ Երևան է եկել նաև մարտակերտցի 81-ամյա Ռիմա Բեկլարյանը, որին հանդիպել են Ստեփանակերտում։ Բոլորին հյուրընկալել է Ռայա Հովհաննիսյանը։

Այսօր տիկին Ռիման ևս քչախոս է։ Ասում է՝ դժվար ու ցավոտ է հիշելն ու պատմելը։ Նա դեռ 1988թ․-ին է պատերազմի դառը «համը» զգացել։

«1988թ․-ին Մինգեչաուրից ենք փախել, հետո Մարտակերտից՝ 1992թ․-ին, 2016թ․-ին և հիմա։ Ադրբեջանի պատճառով մեր ամբողջ կյանքը փուլ է եկել, փշրվել»,- ասում է նա։

Նրանց հյուրընկալած տիկին Ռայայի 22-ամյա որդին օրեր առաջ առաջնագիծ է մեկնել։ Տիկին Ռայան էլ անհանգիստ է, բայց վստահ, որ ամեն բան լավ ավարտ է ունենալու։ Հեռախոսով խոսելիս մի կողմից կրակոցների ձայնն է, մյուս կողմից՝ որդու ծիծաղը։

Մինչ մենք զրուցում էինք, երեխաները շարունակում էին նկարել։ 13-ամյա Էլինան տանկ էր նկարել՝ հայկական եռագույնով․ այս օրերին նրա բոլոր նկարները բանակային թեմայով են։ Հարցնում եմ՝ կյանքումդ տանկ տեսած կա՞ս, ասում է՝ մեկ անգամ, Շուշիից Երևան գալիս։ 11-ամյա Մելինեն էլ Մարտակերտի շենքերն է նկարում։ Իսկ 9-ամյա Ժորան՝ խաչ։ Հետաքրքրվում եմ՝ ինչու՞ հենց խաչ։ Ժպտում է, հետո քրոջ՝ Մելինեի հուշմամբ պատասխանում՝ համերաշխության համար։

Քիչ անց իմ խնդրանքով տիկին Ռայան ու Մելինեն ցույց են տալիս սենյակները, որտեղ քնում են։ Մելինեն փաթաթվում է տիկին Ռայային, կիսազվարթ-կիսազարմացած ասում՝ տանտիրուհին ինքն է, բայց ինքն է բազմոցին քնում, մենք՝ սենյակներում։

Մինչ հրաժեշտ տալը որոշում են սուրճ հյուրասիրել, Մելինեն անմիջապես վեր է կենում տեղից, գնում տիկին Ռայային օգնելու։ Տանը գործերի հստակ բաժանում են արել։ Սուրճ դնելն ու հյուրերին ճանապարհելը Մելինեի գործն է՝ ինչպես տանը՝ Մարտակերտում։

Ռայա Հովհաննիսյանն ասում է՝ մի քիչ էլ միասին ապրեն, Արցախի բարբառն անգիր է անելու։ Ասում է՝ ուզում է շուտ ավարտվի ամեն բան, որ մարդիկ իրենց տներում հանգիստ կարողանան ապրել:

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031