Այն պայմաններում, երբ մեր բանակը շարունակում է հերոսաբար դիմագրավել թշնամուն և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել նրան Արցախի մատույցներից, շատ կարևոր է, որ մենք նաև ամուր թիկունք ապահովենք մեր բանակին, և ըստ ամենայնի աջակցենք մեր զինծառայողներին՝ կլինեն նրանք առաջնագծում կռվող, թե ապագա մարտերին պատրաստվող, և թե մարտերից վիրավոր վերադարձած և ապաքինման անհրաժեշտություն ունեցող։
Այս նպատակով, երեկ մեր ԱրԱր հիմնադրամը համագործակցության պայմանագիր կնքեց Միքայելյանի անվան Վիրաբուժության կենտրոնի հետ, որտեղ այսօր ապաքինվում են մեր բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, ներառյալ ծանր վիճակում գտնվող։ Մեր հնարավորությունների սահմաններում, մենք աջակցելու ենք Կենտրոնին անհրաժեշտ սարքավորմամբ, դեղամիջոցներով և բժշկական պարագաներով, որոնց կարիքը այսօր շատ մեծ է։
Որպես առաջին գործողություն, երեկ մենք Կենտրոնին տրամադրեցինք 8 վիրաբուժական մահճակալ, որոնց միջոցով Կենտրոնը կկահավորի լրացուցիչ վերակենդանացման պալատ՝ ծանր վիրավորներին ընդունելու համար։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնի տնօրինությանը և բժշկական անձնակազմին՝ հերոսական աշխատանք կատարելու համար, «Բարրի» ընկերությանը, որը օպերատիվ ռեժիմով ապահովեց այս մահճակալների մատակարարումը, և մեր բոլոր գործընկերներին, որոնք իրենց նյութական ներդրումներով շարունակում են աջակցել մեր գործունեությանը։
Միասին մենք անպարտելի ենք և հաղթելու ենք մեզ պարտադրված այս աննախադեպ պատերազմում։
Կարդացեք նաև
Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր