«Սա հերթական սրացումը չէ, վերջին պատերազմն է լինելու, որով Թուրքիան այս տարածաշրջանից պետք է դուրս մղվի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արբակ Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այժմ ժամանակը չէ խոսելու նախորդ տարիներին գործած դիվանագիտական բացթողումների մասին։ Ըստ մեր զրուցակցի՝ փաստ է, սակայն, այն հանգամանքը, որ Հայաստանն այսօր միայնակ է պայքարում ահաբեկչական պետության դեմ: «Հիմա աշխարհի վիճակն է բարդ, որտեղ էլ լիներ պատերազմը՝ արձագանքը մեծ չէր լինելու։ Այս մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ստիպել է ամեն մի պետությանը մտածել միայն իր մասին։ Թուրքիայի, Էրդողանի ագրեսիան մարտահրավեր է ամբողջ աշխարհին՝ զարմանալի է, ինչո՞ւ են լռում Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ Էրդողանի անպատժելիությունը դրդեց նրան օգնել Ալիևին գնալու արկածախնդրության»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր ոտքի է կանգնած ամբողջ հայությունը, հայ ազգը միայնակ է կռվում ահաբեկիչների, բազմամիլիոնանոց պետությունների դեմ. «Մեր պահպանման միակ երաշխիքը մեր ազգն ու մեր բանակն է։ Ես զգում եմ, որ սա վերջին կռիվն է, տարածաշրջանում ու աշխարհում Թուրքիայի վերացումը պետք է կատարվի։ Այս հարվածը, որ ուտում է հայ ժողովուրդը, պետք է հաղթական ավարտ ունենա։ Ես խնդրել եմ Վրաստանում երիտասարդությանը, մտավորականներին դիմել իրենց հոգևոր առաջնորդին՝ ասելով, որ եթե Թուրքիան Ադրբեջանի հետ է, մենք որպես քրիստոնյա երկիր պետք է լինենք Հայաստանի կողքին։ Մեզ ցավակցություններ պետք չեն, թող միանան մեզ պայքարելու այդ կեղտի, ահաբեկչության դեմ։ Հիշո՞ւմ եք՝ ես այս վտանգի մասին բարձրաձայնել եմ դեռ այն ժամանակ, երբ Իսրայելն ու Ռուսաստանը զինեցին Ադրբեջանին։ Սա մի օր պատահելու էր, միայն մեր ուժն է այսօր մեր հենարանը»։
Մարիամ Գրիգորյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: