Երբ այս տարվա մարտին պարզվեց, որ Հայաստանը չի կարող խուսափել կորոնավիրուսից, մեզ թվում էր, որ դա կտեւի 1-2 շաբաթ, կամ, վատագույն դեպքում, 1-2 ամիս, հետո համավարակը կհաղթահարվի, եւ մենք կվերադառնանք սովորական կյանք: Բայց ապրիլին եւ հատկապես մայիսին պարզ դարձավ, որ համավարակային իրավիճակը Հայաստանում եւ աշխարհում երկար է տեւելու, եւ դրա վերջն առայժմ չի երեւում: Եվ մեր, ինչպես եւ աշխարհի բոլոր կառավարությունները, առաջ քաշեցին հետեւյալ կարգախոսը՝ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Դա նշանակում է՝ պետք չէ սպասել, որ վաղը կամ մյուս օրը կորոնավիրուսը կհաղթահարվի, պետք է ապրել ոչ թե այդ սպասումով, այլ առօրյա կյանքով՝ կատարելով ամենօրյա պարտականությունները:
Պատերազմի դեպքում դա առավել եւս այդպես է: Այո՛, մեր տղաները մարտի դաշտում հերոսաբար կռվում են թշնամու դեմ, այո՛, նրանք, ովքեր կրակել գիտեն, կամավոր գնացել են ռազմաճակատ: Բայց մենք այստեղ թիկունքում նույնպես անելիք ունենք: Պարզ է, չէ՞, որ, օրինակ, նույն կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների դերը պատերազմի պայմաններում չի նվազել, հակառակը՝ նրանց առաքելությունն, իմ կարծիքով, ավելի կարեւոր է դառնում թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային տեսանկյունից:
Կամ՝ պատերազմական պայմանները չեն նշանակում, որ ուսուցիչները պետք է ավելի վատ դասավանդեն, իսկ աշակերտներն՝ ավելի վատ սովորեն: Մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը կրթված եւ հայրենասեր քաղաքացիներ, զինվորներ են պետք: Պատահական չէ, որ մարտերի մեջ գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի մոռացել շնորհավորել ուսուցչի տոնը՝ նշելով, որ «այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է եւ կտոնի միայն հաղթանակներ»: Իսկ նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ ծանուցել է, որ արցախցիների կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցված են բանկային քարտերին: Եվ դա ճիշտ է՝ պատերազմական իրավիճակը չի ենթադրում, որ մարդիկ չպիտի ժամանակին ստանան իրենց թոշակները: Եվ նույնը կարելի է ասել ցանկացած ոլորտի մասին՝ բոլոր պետական եւ մասնավոր հիմնարկների աշխատանքը հավասարապես կարեւոր է:
Պարզ է, որ բոլորս սրտատրոփ լուրերի ենք սպասում ռազմաճակատից, հասկանալի է, որ բոլորիս ուշքն ու միտքն այնտեղ է: Բայց դա անգործության, պարտականությունների մեջ թերանալու արդարացում չէ. հատկապես 21-րդ դարում ռազմաճակատն ամեն տեղ է՝ ոչ միայն դիվանագիտության կամ քարոզչության մեջ, այլեւ բոլոր «խաղաղ» գործերում, ամեն մեկը պիտի գործ անի իր տեղում:
Կարդացեք նաև
Պատերազմը վաղը կամ մյուս օրը չի ավարտվելու: Պետք է սովորել ապրել պատերազմի պայմաններում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արդարեւ, օրինակի համար, 15 տարիներ շարունակ, անընդհատ պատերազմի մէջ ապրեցաւ Լիբանահայութիւնը: Եւ այդ, քաղաքացիական պատերազմ էր: Այսինքն՝ ճակատ-թիկունք չկար, կատաղի կռիւները ամէն տեղ էին, որեւէ ատեն, որեւէ շրջանում, թաղամասում: Նաեւ տեղի ունեցան օդային ռմբակոծումներ, Սուրիոյ եւ Իսրայէլի կողմէն, նաւերով ռմբակոծում՝ ԱՄՆի կողմէ, արտաքին բանակների ներխուժումներ…
Մանկութեան-պատանեկութեան օրերս էին: Կեանքը կարծէք աւելի նորմալ էր, վստահաբար՝ աւելի յարգի եւ իմաստալից, քան թէ այսօր, խաղաղ երկրում:
Այս երկու օրը Դիմատետրում քաղաքական գետնի վրայ որոշակի պառակտումներ եմ նկատում: Խնդրում եմ Ձեզ, որպէս հեղինակաւոր մարդ, կոչ արէք, յորդորէք, որ դադարեցնեն նման բաները: Այսօր, մեզ առաւել քան երբեւ միասնականութիւն է պէտք՝ համախմբուած գերագոյն գլխաւոր հրամանատարի շուրջ: Շնորհակալութիւն:
Ես նման հորդորներ անում եմ, Արթուր ջան: Չգիտեմ, թե որքանով են դրանք ազդեցիկ: