Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. «Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի ՊԲ որոշ զինծառայողների մարմիններ»

Հոկտեմբեր 05,2020 23:44

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվարկելով Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց, բնակելի տների, ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը՝ նշեց, որ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել ամբողջությամբ շարքից հանել Արցախի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է. «Դա ինքնին կարող է հանգեցնել մարդասիրական լրջագույն աղետի, որոշակի վերականգնողական աշխատանքներ, իհարկե, պետությունը կատարում է, բայց եթե այսպես շարունակվի, հետեւանքները կարող են շատ ծանր լինել մարդասիրական տեսանկյունից»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընդգծեց, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից առայսօր կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր, հատկապես կասետային արկեր, կասետային հրթիռներ եւ ռումբեր: Նրա խոսքով, կասետային զենքերի լայն կիրառման հետեւանքով բավականին շատ վիրավորումներ ու զոհեր կան, կասետային զենքերը առայսօր մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար, քանի որ դրանց մի մասը չի պայթել: «Երկարաժամկետ կտրվածքով Արցախի Հանրապետությունում առկա է լինելու մարդասիրական ճգնաժամ, եթե ոչ մարդասիրական աղետ»,-շեշտեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա մի քանի այլ մտահոգիչ փաստեր նշեց, որոնցից մեկը ադրբեջանական զինված ուժերի կազմում Արցախի դեմ կռվող, ցեղասպանական փորձով վարձկան ահաբեկիչներն են, որոնց մասին առաջին իսկ օրերին ահազանգում էին պետական մարմինները, միջազգային լրատվամիջոցները, վերջին օրերին եւս գրանցվել են հստակ ապացույցներ՝ Լիբիայից եւ Սիրիայից ահաբեկչական մեծ փորձառությամբ խմբերի վարձելու մասին:

«Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի պաշտպանության բանակի որոշ զինծառայողների մարմիններ: Մտահոգված ենք՝ հաշվի առնելով 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ եւ մի շարք այլ ժամանակահատվածներում այն դեպքերը, երբ ադրբեջանական զինծառայողները հայ զինծառայողների մարմինների եւ կենդանի զինծառայողների հանդեպ պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված կոպտագույն հանցագործություններ են կատարել, գլխատման դեպքեր են արձանագրել՝ ISIS-ի ոճով, եղել են մարմինների խոշտանգման, դիակապտության դեպքեր, ինչի հետեւանքով խախտվել են այդ անձանց եւ նրանց հարազատների բազմաթիվ իրավունքներ:

Այժմ վտանգը շատ մեծ է, որ նրանց վերահսկողության տակ գտնվող մարմինների հանդեպ էլ նման ոտնձգություններ կկատարվեն, միջազգային հանրությունը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռք առնի, ու նաեւ փորձենք մարդասիրական համապատասխան միջոցառումներով վերադարձնել դիակները»,-ահազանգեց Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծեց, որ այս բոլոր հանցագործությունները բխում են տարիներ շարունակ պետականորեն Ադրբեջանում իրականցվող հայատյացության քաղաքականությունից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on 2020 թ. հոկտեմբերի 5, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031