Արցախում հոկտեմբերի 4-ին զոհվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի ՀԿԳ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր 34-ամյա Թաթուլ Օթարյանը։ Նա ոստիկանական կամավորների ջոկատում էր մեկնել առաջնագիծ։ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղն ավարտելուց հետո հեռակա սովորեց նաեւ Ոստիկանության ակադեմիայում։ Նրա դասախոս Դավիթ Թումասյանի խոսքով, Թաթուլը, լինելով բանիմաց ոստիկան, հեռակա ուսուցման տարիներին կրկնապատկեց գիտելիքներն ու հմտությունները՝ պատրաստակամ նվիրվելու Հայաստանին։
Ուսումն ավարտելուց հետո էլ պահպանվեց դասախոսի եւ ուսանողի կապը։
«Ակադեմիան ավարտելուց հետո թե՛ աշխատանքի բերումով, թե՛ մասնագիտական տարբեր հարցերի շուրջ շատ եմ զրուցել Թաթուլի հետ։ Անկեղծ՝ ոգեւորվում էի նրա պատրաստակամությամբ, մասնագիտական գործունեության ընթացքում մարդկային վերաբերմունքով»,–մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Թումասյանը։
Թաթուլը մտածում էր աշխարհը փոխել դեպի լավը, մասնագիտական գիտելիքները ներդնել ճիշտ հարաբերություններ ձեւավորելու համար։ «Խիզախ էր, չէր վախենում կարծիք հայտնելուց, ինչքան էր իր տեսակետը հակասեր մյուսների կարծիքին»,–ասում է դասախոսը։
Կարդացեք նաև
Իսկ ամենակարեւորը, Թումասյանի կարծիքով, այն էր, որ ժպիտը միշտ դեմքին էր։ «Շատ կենսուրախ մարդ էր, փորձում էր այդ կենսասիրությունը ամենուր տարածել, բոլորին վարակել իր լավատեսությամբ, հզորացնել հայրենիքը, պաշտպանել մարդկանց, վերացնել հանցավորությունը։ Ցավում եմ, որ հայրենիքը կորցրեց նման պայծառ մարդու»,–ասաց Դավիթ Թումասյանը։
Թաթուլ Օթարյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ