Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն այսօր հայտարարեց, որ Իրանը ծրագիր է պատրաստել, որը կարող է վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը։
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ. «Վերջին մի քանի տարվա ընթացքում սա Իրանի կատարած հայտարարությունների կոնտեքստում է, որ Իրանը, որպես տարածաշրջանային եւ ՀՀ-Ադրբեջանին սահմանակից երկիր կարող է դառնալ միջնորդ Արցախյան հակամարտության հարցում, սա նորություն չէ, Իրանի ցանկություններից է դառնալ միջնորդ: Ծրագրի մասին մանրամասներ չկան, բայց իմ կարծիքով՝ արտաքին քաղաքականության շրջանակներից արտահայտվող ծրագիր է»:
Իրանագետի խոսքով, պատերազմական գործողությունների ընթացքում Իրանի դիրքորոշումը բավականին նորմալ էր, որոշ դեպքերում՝ նաեւ հայամետ:
«…Եվ կրկին, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ օկուպացված քաղաքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, մենք շեշտում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցվի համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու համար»,-իր հայտարարության մեջ ասել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Գարիկ Միսակյանից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունն ինչքանով էր հայամետ, ի պատասխան ասաց. «Ընդհանուր առմամբ՝ Իրանը մշտապես տարածքային ամբողջականության մասին խոսում է, քանի որ ինքն էլ լինելով բազմաէթնիկ երկիր՝ իր երկրի տարածքում ունի որոշակի խնդիրներ, որոնք կարող են տարածքային ամբողջականությանը անդրադառնալ, իսկ ինչ վերաբերում է բռնազավթված տարածքներ ասելուն՝ հավանաբար նկատի ունի Արցախի շրջակա յոթ տարածքները, անվտանգության գոտին: Իրանի այս հայտարարության մեջ որեւէ փոփոխություն չէր նկատվում մի տարի առաջ արած հայտարարությունների հետ համեմատած: Բայց պետք է չմոռանալ, որ նախ Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատթարացնելու, նաեւ հաշվի առնելով Իրանի ներքին խնդիրները՝ Իրանը չի կարող բացահայտ հայտարարել կողմերից որեւէ մեկին պաշտպանելու մասին»:
Անդրադառնալով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության այն հատվածին, թե իրենց մշակած ծրագիրը կարող է իրականացվել երկու կողմերի ու տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների ժամանակ՝ իրանագետն ասաց՝ չի կարծում, որ Իրանը նկատի ունի նաեւ Թուրքիային խորհրդակցություններում ներգրավելու հարցը. «Ավելի շուտ կարելի է ընկալել, որ նկատի ունի ՌԴ-ին, քանի որ տարածաշրջանում Թուրքիան Իրանի թիվ մեկ մրցակիցն է, եւ չեմ կարծում, որ Իրանը ցանկանա Թուրքիայի դիրքերի ուժեղացումը: Բացի այդ՝ այդ կոնտեքստում կարելի է նշել, որ Իրանի կողմից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ Թուրքիայի միջամտությունը Արցախյան հակամարտությանը ներկա ձեւաչափով՝ եւ հռետորաբանությամբ, ե՛ւ զինամթերքով աջակցելուն, ե՛ւ ահաբեկիչների ներգրավմամբ ապակայունացնում է տարածաշրջանը, Թուրքիայի գործողությունները դատապարտվել են Իրանի կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ