«Թե′ այսօր, թե′ դրանից առաջ ունենք քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում վիրավորումներ, ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանված մարդիկ»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Նա հայտնեց, որ ՄԻՊ աշխատանքը պատերազմի երկրորդ օրվանից եղել է թիրախային, նպատակն է եղել պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հարձակումների և թուրքական հայտարարությունների տրամաբանությունը: Այս առիթով հայտարարեց. «Սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքի, կյանքի, առողջության իրավունքի հետ: Ադրբեջանական հարձակումների հիմքում ընկած է քաղաքական նենգ բնույթը: Իմ համոզմամբ՝ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»:
ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ առաջին օրվանից թիրախավորել են խաղաղ բնակչությանը և կիրառել արգելված զինատեսակներ. «Դրանք լինում են այնպիսի զինատեսակներով, որոնք արգելված են հենց քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու տեսանկյունից: Կարևոր է արձանագրել, որ իրականացվում են այդ հարձակումները թե′ ռազմաօդային, թե′ հրետանային հարձակումների միջոցով: Վերջերս, երբ Գեղարքունիքի մարզում փաստահավաք աշխատանքներն ավարտեցինք, ակնհայտ տեսնում ենք,որ ԱԹՍ-ները, որոնք օգտագործել են թիրախային հարձակումներ և ավերածություններ պատճառելու նպատակ են հետապնդում: Դրանց հիմնական հարվածները ուշ երեկոյան կամ գիշերով են իրականացվել՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը»:
ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնեց նաև էթնիկ հայերի նկատմամբ հսկայածավալ ատելության խոսքի, բռնության և սպանության կոչերի մասին: Նա նաև հայտնեց, որ ահաբեկչական գործողությունների և էթնիկ զտումների մասին զեկույցներն ուղարկվում են միջազգային կառույցներին ու եզրափակեց. «Ակնհայտ է՝ խոսքը ահաբեկչական մեթոդները խրախուսող քաղաքականության և էթնիկ հիմքով զտումների մասին է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ