Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ. «Զոհերի ու վիրավորումների թվով առաջին տեղում Ստեփանակերտն է»

Հոկտեմբեր 05,2020 23:00

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ճեպազրույցում ներկայացրեց սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության հանդեպ կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները, նաեւ հանդես եկավ որոշ գնահատականներով: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ բոլոր ուղղություններով, հրետանահրթիռային միջոցներով, հետագայում նաեւ օդուժի միջոցով թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերն ու քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությանը:

«Սեպտեմբերի 27-ին եւ հետագա օրերին  Արցախի Հանրապետությունում պարբերաբար գրանցվում են մարդկային զոհեր, վիրավորումներ, լայնածավալ գույքային վնասներ՝ ներառյալ կենսական նշանակության ենթակառուցվածքները»,- հայտնեց Արտակ Բեգլարյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը վիճակագրություն ներկայացրեց, որը թարմացված էր հոկտեմբերի 4-ի դրությամբ, միաժամանակ նշեց, որ հոկտեմբերի 5-ին եւս շարունակվել է քաղաքացիական բնակչության դիտավորյալ  թիրախավորումը եւ հիմնական թիրախը եղել է Ստեփանակերտի բնակչությունը, տեղի քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, հնարավոր զոհերի եւ վիրավորումների մասով տվյալները դեռեւս ճշտվում են:

«Սեպտեմբերի 27-ից սկսած մինչեւ երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից մեկը երեխա, 7-ը կին, 11-ը՝ տղամարդիկ: Այս պահին մի քանիսի վերաբերյալ որոշակի անձնական տվյալներ ճշտելու փուլում ենք, այդ պատճառով չենք կարող հստակ ասել, թե քանիսն ինչ տարիքի են, բայց 19-ի կեսը 50 տարեկանից բարձր անձինք են, տարեցներ»,-ասաց նա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստմամբ՝ վիրավորումները կամ մահերը վրա են հասել հրետանահրթիռային հարվածներից, կան դեպքեր՝ անօդաչու թռչող սարքի հարվածից, որոշ դեպքերում՝ հրթիռային բարձր դիպուկությամբ , կան դեպքեր էլ, որ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են օդուժի հարվածներից՝ ռմբահարումների հետեւանքով.«Տարբեր փորձագետների ընդգրկմամբ՝ անընդհատ վերլուծում ենք, թե ինչ զինատեսակներ են կիրառվել, որպեսզի հետագայում ավելի մանրամասն վերլուծություններ կատարենք»:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի ճնշող մեծամասնության պարագայում եղել է դիտավորյալ թիրախավորում՝ քաղաքացիական բնակչությանը. « Օրինակ,  Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է խփել անօդաչու թռչող սարքը»: Նա օրինակ բերեց նաեւ վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծությունը՝բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառմամբ, ադրբեջանական ուժերը խփել են բնակելի շենքերին:

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ ավելի քան ութսուն վիրավոր կա, որոնցից 60-ը լուրջ վիրավորում է  ստացել: Այս դեպքերից 48-ը տղամարդիկ են, 12-ը կանայք, կան նաեւ երեխաներ:

«Ստեփանակերտ քաղաքում վիրավորումները եղել են 22-ը, վիրավորների թվով երկրորդ տեղում Մարտունի քաղաքն է, հետո Մարտակերտը, ապա մի շարք բնակավայրեր ու Հադրութը: Ստեփանակերտ քաղաքը հիմնական թիրախի տակ է եղել, ինչը ապացուցում է, որ Ադրբեջանը նպատակ է ունեցել խիտ բնակեցված հատվածներին հարվածել, մեծ մարդկային եւ նյութական  վնասներ հասցնել, խուճապի եւ ահաբեկման նպատակներ է հետապնդել»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Ընդգծեց, որ հրթիռահրետանային միջոցով ադրբեջանական կողմը ցանկացել է թիրախավորել հատկապես Ստեփանակերտի եւ Արցախի Հանրապետության մի շարք այլ բնակավայրերի կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ ներառյալ էներգամատակարարման համակարգերը, կապի միջոցները, ջրատար համակարգերը, որոշակի վնասներ է կրել  նաեւ գազատար համակարգը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031