«Հստակ չեմ կարող ասել. ինչքան գիտեմ՝ տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում»,- դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ թուրքական F-16 հրթիռները կրկին օդ են բարձրացել և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի այդ մասին, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ այսօր փախուստի դեպքեր չե՞ն գրանցվել, ինչպես երեկ Մատաղիսում, նա պատասխանեց. «Այսօր էլ նույն բանը կատարվում էր հարավային ուղղությամբ, ցավոք, այս պահին դեռ տեսանյութ չունենք հարավից ցույց տալու»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ ՀՕՊ-ով օդում վերացնել հրթիռներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հնարավոր է, բայց դա բավականին բարդ գործ է, և ոչ բոլոր ՀՕՊ-երը կարող են օդում հրթիռ որսալ»:
Հետաքրքրությանը՝ ի՞նչ մանրամասներ կարող է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտակոչի հետ կապված, Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ մարտակոչը հստակ ասելիք, ուղերձ ուներ. որևէ այլ մանրամասն ներկայացնել պետք չէ: Մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, և դա շատ բնական գործընթաց է այս բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ երեկ հայտարարվեց, որ Գանձակի օդանավակայանն է հօդս ցնդել և հարցին՝ այսօ՞ր ինչ օբյեկտներ են հօդս ցնդել, Արծրուն Հովհաննիսյանը ծիծաղով պատասխանեց. «Միշտ չէ, որ հօդս ցնդված նշանակետերի և թիրախների անունները նշում ենք, բայց այնպես էլ չէ, որ դրանք չեն իրականացվում: Միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասներ տեղին է հայտնել: Որոշակի առանձին լուրերը, որ հայտնում ենք, ստատիկ բնույթ ունեն, իրավիճակները դինամիկ զարգացման մեջ են: Սպասենք լավ լուրերի: Միևնույն է, հաղթելու ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ