Գերմանիայի Հեսսեն երկրամասի Հանաու քաղաքի և նրա շրջակա փոքր քաղաքներում բնակվող հայերը՝ թվով մոտ 15 հոգի, Հայոց անպարտ բանակին օգնելու նպատակով շատ արագ՝ ոտքի վրա 5900 եվրո են հավաքել ու փոխանցել «Հայաստան» համայկական հիմնադրամին։ Այս մասին ուղիղ եթերում հայտնեց Գերմանիայում բնակության տեղափոխված Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի նախկին պետ Գոռ Մարգարյանը։
Նա ասաց, որ մեկ միկրոավտոբուսով առաջին անհրաժեշտության ապրանքներ ևս՝ քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ են ուղարկել Քյոլն, որտեղից այն հայրենիք կհասնի առաջիկայում։
«Խնդրում ու աղաչում եմ իմ ընկերնե՛ր, իմ հարազատնե՛ր, ինձ ճանաչող ու չճանաչողնե՛ր, եկեք միախմբվենք, մեր հարևան վայրենի ցեղերը հարձակվել են մեր հայրենիքի վրա։ Սա սովորական հարձակում չէ, լայնամասշտաբ հարձակում է գնում Արցախում և Հայաստանի սահմաններում, սա ապրել-մեռնելու պատերազմ է, և այս պատերազմը մենք տանուլ տալու իրավունք չունենք։ Մենք հետնահանջի տեղ չունենք, մենք կորցնելու չունենք, այս պահին գնում է հրամայական ապրել-չապրելու, լինել-չլինելու, մեր հայրենիքը վտանգի առաջ է, պետք է մի մարդու պես համախմբվենք մեր երկիրը պաշտպանելու համար», -նման համահայկական կոչով հանդես եկավ Շիրակի մարզպետարանի նախկին պաշտոնյան։
Գոռ Մարգարյանը նշեց, որ պատրաստվում են սկսել գումարի հանգանակության երկրորդ փուլը։
«Ես այսօրվանից խոստանում եմ՝ փոխելու եմ իմ կյանքի որակը, հագուստ, սնունդ, հաճույք, ժամանց և այլն, այդ ամենը մղվելու է հետին պլան։ Մենք պիտի ապրենք օրվա նվազագույնով, աշխատենք քրտնաջան՝ երկակի, եռակի գումար վաստակելու և հայրենիքին նվիրատվություն ուղարկելու համար։ Սա այն պարտքն է, որը պիտի կատարենք հայրենիքի հանդեպ՝ գոնե մեր բացակայությունը լցնելով»։
Նա նաև ասաց, որ պատրաստ է զինվորագրվել հայրենիքը պաշտպանելու գործին։
Գոռ Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ փորձում են մեծ կապեր ստեղծել միջազգային հումանիտար կազմակերպությունների հետ՝ մեծ թվով անհրաժեշտ ապրանքներ հավաքագրելու ու Հայաստան ճանապարհելու համար։
«Մենք մղում ենք մեր մարտը յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, ես ինքս աշխատում եմ գերմանացիների հետ և մեծ ջանքեր են պահանջվում մարդկանց բացատրելու, որ Հայաստանն այս պահին պաշտպանում է իր հայրենի եզրերը, Հայաստանը ոչ մի ագրեսիա չի հրահրել, Հայաստանը ոչ մի պատերազմ չի հրահրել»,-ասաց Գոռ Մարգարյանը։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/100006226353491/videos/2658687364348783
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գոռ Մարգարյանի ՖԲ էջից