Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանն իր գործը մղել է երկրորդ պլան». Էմին Խաչատրյան

Հոկտեմբեր 05,2020 19:15

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գործով նիստը: Որոշումը կհրապարակվի վաղը չէ մյուս օրը: Գագիկ Ծառուկյանը դատական նիստին ներկա չի գտնվել: Պաշտպանները համապատասխան դիմում են ներկայացրել դատարան: Պատճառը՝ վերջինիս մտահոգ վիճակն է: Պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանն ասաց, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանի հետ իր գործի մանրամասները չեն էլ քննարկել: Վերջինս իր գործը «երկրորդ պլան է մղել» եւ անընդհատ սահմանից, Արցախից եկողներից, միջազգային անդրադարձներից լուրերի է սպասում:

«Տեղը չի գտնում ստեղծված իրավիճակից»,- ասաց Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ չեն քննարկել հարցը՝ եթե ազատության մեջ լինի՝ կգնա առաջնագի՞ծ, թե՞ դիվանագիտական հարթությունում կաշխատի:

Պաշտպանական խումբը, սակայն, խափանման միջոցի փոփոխության առանձնակի հույսեր չի փայփայում, քանի որ դատախազներն առարկել են բողոքի դեմ:

Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը իբրեւ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան՝ վերանայել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը՝ նկատի ունենալով իրավիճակի փոփոխությունը: Պաշտպանները բողոքը ներկայացրել են Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց մեկ օր հետո:

Հիշեցնենք նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառքի գործով:

Պաշտպանների բողոքի հիմքում հանրային շահն է: Պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ խմբակցությունը, որը երկրորդ ուժն է խորհրդարանում, ունի միջազգային կապեր, հեղինակություն, այդ կուսակցության ղեկավարին այս իրավիճակում կալանքի տակ պահելը ճիշտ չէ եւ չի բխում մեր հանրության շահերից: Պաշտպանը վստահ է, որ ազատության մեջ լինելով՝ Գագիկ Ծառուկյանն իր կարողությունները բավական նպաստավոր կարող է օգտագործել՝ ի շահ պետության եւ պետականության: Երեմ Սարգսյանը  նաեւ չի պատկերացնում, թե ռազմական դրության պայմաններում ի՞նչ քննություն է տարվելու: Ըստ պաշտպանի, դատախազները անհանգստություն են հայտնել Հայաստանում առկա իրավիճակի մասին, սակայն պնդել են, որ սա իրավական գործընթաց է եւ չպետք է ռազմական դրության հարցը քննվի: Բայց ինքն այլ բան չէր էլ սպասում, քանի որ որեւէ դատախազ, քննիչ երբեւէ չի էլ հայտարարի, որ այս գործընթացը քաղաքական է: Երեմ Սարգսյանը մնում է այն կարծիքին, որ հանրային շահը նույնպես իրավական կատեգորիա է:

Պաշտպանը, սակայն, առաջարկում է մի պահ վերանալ ամեն ինչից եւ առաջնորդվել բանականությամբ. «Արդյոք գտնում եք, որ Ծառուկյանն ազատության մեջ մնա՝ կխոչընդոտի: Ինչի՞ն էլի: Չորս ամիս մնաց՝ չխոչընդոտեց»:

Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել էր գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Երեմ Սարգսյանը ողջունում է. «Շատ ճիշտ է արել: Ես, որպես իրավաբան ավելի քիչ եմ պատկերացնում, թե Գագիկ Ծառուկյանի անհրաժեշտությունը ԱԺ-ում որքանով կա: Էդմոն Մարուքյանը լինելով ԱԺ-ում՝ ավելի լավ է պատկերացնում, թե ինչ անհրաժեշտություն կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031