Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ-ն կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Հոկտեմբեր 05,2020 19:05

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին

Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով,

Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը,

Խորը մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ,

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական և մեծ կործանարարություն ունեցող զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով այդ քայլերը գործնական արդյունքն չեն տվել,

Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,

Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչընդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031