ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և ԲՈՒՀ-երին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր:
Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝ Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը:
Արձագանքելով ՀՀ ԳԱԱ-ի կոչին՝ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: (“Erdogan sends mercenaries to tinderbox conflict in Caucasus” (Էրդողանն ուղարկում է վարձկաններ, որպեսզի բորբոքի հակամարտությունը Կովկասում), առաջնորդող հոդված, սեպտեմբեր 29-ը, “The Times” պարբերական): Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915 թվականին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա:
Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը:
Կարդացեք նաև
ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝ Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի այս գրությունը տպագրված է Լոնդոնի “The Times” պարբերականում:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն