Իրավիճակը, որում հայտնվել է մեր երկիրը, հետևանք է այն անհեռատես քաղաքականության, որ տասնամյակներ ի վեր վարել է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Արտաքին քաղաքականությունում անտեսվել են պետության, ազգի շահերը, թույլ են տվել, որ հայկական կողմի փոխարեն որոշումներ կայացնեն բարեկամի դիմակով, թե ակնհայտորեն թշնամի օտարները: Երկրի ներքին կյանքը «հարմարեցվել» էր տվյալ ժամանակաշրջանում իշխողների կամակատարների քիմքին, անտեսվում էին տնտեսության, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները, անուղղակի միջոցներով խթանվում էր արտագաղթը, սեպ էր խրվում Հայաստանի և Սփյուռքի միջև: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ենթակա էր արտաքին կառավարման՝ չունենալով իրական դաշնակիցներ: Եվ թշնամին դա տեսնում էր, պատրաստվում այսօրվան:
Այժմ արդեն ստիպված ենք ելնել պատերազմական իրողությունից և եզրակացություն անել: Ամենակարևորը՝ պետք է հետևողականորեն պաշտպանել Հայաստանի և Արցախի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և թշնամուն պարտության մատնել:
Հայաստանի կանաչների կուսակցությունը կոչ է անում պահպանել համախմբվածությունը, պետության ողջ ներուժն ուղղել հիմնական նպատակին և պատվով դուրս գալ այս իրապես հայրենական պատերազմից:
Կարդացեք նաև
Հայաստանի կանաչների կուսակցությունը գործադրում է միջազգային ասպարեզում իր ունեցած բոլոր հնարավորությունները՝ մեր երկրին նպաստավոր որոշումներ կայացնելու, նախահարձակ թշնամուն միջազգայնորեն դատապարտելու նպատակով:
Մեր հաղթանակն այլընտրանք չունի:
Հայաստանի Կանաչների կուսակցություն