Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան 2019թ.-ին շուրջ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին և, այնուամենայնիվ, պարտվում են. Թադևոս Ավետիսյան

Հոկտեմբեր 05,2020 18:15

Ադրբեջան-Թուրքիա զենքի առևտուրի ծավալների գնահատումներ

Ընդհանուր գնահատումներ.

Նախորդ երեսուն տարիներին պարբերաբար արձանագրվող և միջազգային հանրության համար ակնհայտ փաստ է այն, որ աշխարհաքաղաքական հեռահար իր շահերից դրդված՝ մարդակեր Թուրքիան զինում է իր նմանին:

Իր հեռահար շահերին զուգահեռ և Ադրբեջանի համար զենքի կայուն պահանջարկ ձևավորելու նպատակով Թուրքիան պարտադրում է Ադրբեջանին՝ պարբերաբար հարձակվել հայկական երկու հանրապետությունների վրա:

Զուգահեռաբար՝ ադրբեջանական անհամեմատ էժան նավթն ապահովում է տնտեսական կայուն և բազմակի օգուտներ Թուրքիայի համար: Սրա դիմաց վերջինս հնարավոր բոլոր ձևերով սատարում է բացառապես ալիևյան կլանին՝ պահպանելու իր իշխանությունը՝ ի հեճուկս ադրբեջանական ժողովրդի:

Այսպիսով արդեն երեսուն տարի Թուրքիան թալանում է ադրբեջանական տնտեսությունը՝ տնտեսական առումով ոչնչի դիմաց վերցնելով միակ արժեքավորը՝ նավթը: Իսկ Թուրքիայի կողմից Ադրբեջանի գաղութացումը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:
Արդեն առիթ ունեցել եմ մանրամասն ներկայացնելու, որ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը իրենից ներկայացնում է նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Իսկ այս երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն ունեցել և դեռ ունենալու են իր երկրի համար սոցիալ-տնտեսական անդառնալի կործանարար հետևանքներ:

Մյուս կողմից հարկ է նորից հիշեցնել՝ հայկական զինված ուժերը ոչնչացնում և առգրավում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ թուրքականը: Ինքնին խոսուն է այս մասին թարմ վիճակագրությունը, որը 2020թ. սեպտեմբերի 27-ից պարբերաբար ներկայացնում են հայկական պաշտոնական աղբյուրները:

Շահագրգիռներին, հատկապես՝ հարևան թշնամի երկրից և նրա ռազմավարական գործընկեր երկրներից, խորհուրդ եմ տալիս հետևել վիճակագրական հավաստի այդ տվյալներին: Այսպիսով թշնամին կարող է գնահատել նաև իր իրական տնտեսական կորուստները, իսկ նրա ռազմավարական գործընկերները կարող են ուրախությամբ հաշվարկել իրնեց կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի նոր խմբաքանակների ծավալները և ապագա տնտեսական գերօգուտները:

Ի ուրախություն նաև Ադրբեջանին զենք մատակարարողների՝ վերջին մեկ շաբաթում Ադրբեջանն արդեն հասցրել է կորցնել իր կուտակած հիմնական զինատեսակների մի զգալի մասը: Այս միտումն ունի կայուն և ինտենսիվ բնույթ:

Ադրբեջանին զենք մատակարարողների համար կան նաև մտահոգվելու առարկայական հիմքեր, որոնք մի պահի կարող են դառնալ իրական և առաջնային: Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում Ադրբեջանն այլևս չի կարողանալու վճարել նաև զենքի դիմաց: Կորցնելու է իր ներքին և արտաքին վճարունակության համար դեռևս առկա միակ՝ նավթի արդյունահանման և մատակարարման հնարավորությունը: Օրինակ, երբ Ադրբեջանը հիմնահատակ կկորցնի իր նավթային ենթակառուցվաքները՝ այս երկրում անխուսափելիորեն վրա հասնող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աննախադեպ և կործանարար ցնցումների ֆոնին:

Վիճակագրական փաստեր և գնահատումներ.

Ստորև բերված են Ադրբեջանի արտաքին առևտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր: Դրանք կարող են ընդհանուր պատկերացում տալ ադրբեջանա-թուրքական զենքի առևտրի ծավալների, ինչպես նաև դրանից բխող՝ Թուրքիայի ստացած և ակնկալվող տնտեսական գերօգուտների վերաբերյալ:

Այս նպատակով առանձնացվել է 2015-2019թթ.՝ որպես 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների համար թշնամու կողմից նախապատրաստվելու ժամանակահատված (աղբյուրը):

Ադրբեջանից Թուրքիա արտահանման շուրջ 90 տոկոսը նավթն է: 2019թ. արտահանման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան երկրորդ տեղում է՝ 15 տոկոս ցուցանիշով: Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան նորից երկրորդն է՝ 12 տոկոս ցուցանիշով:

2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմից մեկ տարի առաջ՝ 2019թ. արձանագրվել է Ադրբեջան-Թուրքիա արտահանման և ներմուծման դրական այնպիսի հաշվեմնացորդ, որը պատիկներ անգամ գերազանցել է նախորդ տարիների նույն ցուցանիշները: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթի արտահանումն աճել է շուրջ 60 տոկոսով՝ ավելի, քան 1 միլիարդ դոլարով: Արդյունքում՝ դեպի Թուրքիա Ադրբեջանի ընդհանուր արտահանումը շուրջ 1,22 միլիարդ ԱՄՆ դոլարով գերազանցել է Թուրքիայից ընդհանուր ներմուծմանը: Ավելին՝ 2019թ. Թուրքիայի հետ Ադրբեջանի արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը գրեթե 5 անգամ գերազանցել է 2018թ. նույն ցուցանիշը, գրեթե 10 անգամ՝ 2017թ. ցուցանիշը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ արձանագրվել են նորից նույն միտումները: Մասնավորապես, 2016թ. Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է արտահանման և ներմուծման գրեթե 0-ական հաշվեմնացորդ: Իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2015թ. Ադրբեջանը դեպի Թուրքիա իր նավթի արտահանումն ավելացրել է 3 անգամ: Արդյունքում՝ 2016թ. Թուրքիայի հետ արտաքին առևտրի հաշվեմնացորդն առաջին անգամ բացասականից դարձել է դրական և կազմել է 313 միլիոն ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ բացասական հաշվեմնացորդը 2014թ. կազմել է -785 միլիոն ԱՄՆ դոլար, 2013թ.՝ -955 միլիոն, 2012թ.՝ -920 միլիոն, 2011թ.՝ -850 միլիոն և այսպես շարունակ:

Ի դեպ՝ 2011-2014թթ. Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 500 միլիոն ԱՄՆ դոլոր: Թերևս հենց այս սահմաններում է ադրբեջանական նավթի նկատմամբ թուրքական միջին պահանջարկը: Իսկ այս չափը գերազանցող ադրբեջանական արտահանման դիմաց Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է զենք, որը, բնականաբար արտահայտված չէ հրապարակային վիճակագրական տվյալներով:

Այսպիսով, 2015-2020թթ. թուրքական ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը ստացել է առնվազն 6,25 միլիարդ, իսկ տարեկան միջինը՝ 1,25 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք: Ի դեպ, Ադրբեջանին թուրքական զենքի մատակարարման ծավալները աննախադեպ թռիչք են գրանցել 2019թ.՝ կազմելով շուրջ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Եվ ամենակարևորը՝ այնուամենայնիվ, ադրբեջանա-թուրքական կողմը պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած պատերազմներում:
Ադրբեջանին վերաբերող նմանօրինակ վերլուծությունները լինելու են կարճաժամկետ՝ քանի դեռ գոյություն ունի նման անվամբ պետություն:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031