«Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետային զիվորական ծառայությունն ավարտած, զորացրված և քաղաքացիական կյանքում գտնվող մեր զինվորներին, թող ներկայանան Կենտրոնական հավաքակայան, կամավորագրվեն, զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպիսի կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այս առիթով պարզաբանեց. «Մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածներն իրենք ենթակա չեն զորակոչի: Չգիտեմ՝ օրենքը ինչու է այդպես գրվել: Խնդիրն այն է, որ վերջին տարում մեր զորացրված տղաներն ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են: Այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը»: Դիմելով այդ տղաներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տղե՛րք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը: Արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է, արդեն ասել եմ, որ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է, և այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից: Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորս ենք ենթարկվելու ցեղասպանության: Այո, այսօր ՀՀ քաղաքացին Դեր-Զորի ճամփորդը չէ և պիտի կարողանա պաշտպանել իրեն»:
ՀՀ վարչապետն ասաց՝ իրավիճակը վերլուծել, եկել է այն եզրակացության, որ այսօր մեր հանրապետությունում ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաներն են:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ նրանք ներկայանան Չարբախում գտնվող Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն:
Կարդացեք նաև
Նա հայտնեց, որ որոշակի կազմակերպչական աշխատանքներ են տարվում, որպեսզի կուտակումներ չլինեն և լուծվի անվտանգության խնդիրը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ուզում եմ ընդգծել, որ այդ մարդիկ չեն հրավիրվում մարտական հերթապահության կամ ծառայություն իրականացնելու, այլ հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե պահպանել են զինվորական հագուստները, թող ներկայանան դրանցով, մյուսներին էլ հորդորեց, եթե ունեն տաք բուշլատներ, սաղավարտներ, տանեն, թողնեն կենտրոնական հավաքակայանում:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ վերջին մեկ տարում զորացրված շուրջ 10 հազար հոգի կա մեր հանրապետությունում ու կարծիք հայտնեց. «Եթե գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը: Թե ինչ խնդիրներ եք կատարելու, տեղում հրամանատարները կասեն, ձեզնից էլ կձևավորվեն հրամանատարական օղակներ: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ կենաց-մահու կռիվը տալ և հաղթանակը ապահովել ՀՀ-ի և Արցախի համար: Ես հույս եմ դնում ձեզ վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ