Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Մեժլումյան. «Պետք է ռիսկի դիմել ու ցանկանալ, որ ճանապարհները տանեն դեպի հաջողություն»

Հոկտեմբեր 05,2020 17:43

Գոհար Մեժլումյանը կրթությամբ միջազգայնագետ է, սակայն ներկայումս սցենարիստ է աշխատում հեռուստատեսություններից մեկում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոսցենարիստների գիլդիայի փոխնախագահն է: Նաեւ փոքրիկ բիզնես է ստեղծել եւ ձեռագործ օճառներ է արտադրում: Գոհարի հետ զրուցել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում:

Նա երազում է, որ պատերազմն օր առաջ ավարտվի, որպեսզի երկրի տնտեսությունը ոտքի կանգնի, փոքր, միջին ու մեծ բիզնեսը սկսի գործել ու նպաստել մեր երկրի հզորացմանը

Մեր զրույցի ժամանակ Գոհարը պատմում է, որ ամեն անգամ տատիկի տուն` Արագյուղ գնալիս, երբ անցնում էր հեռուստաընկերությունների շենքերի կողքով, երազում էր այնտեղ աշխատել, հետագայում հենց այդպես էլ եղավ: Այնուհետեւ մանրամասնում է, թե ինչպես լինելով բիզնեսից հեռու մարդ` մի օր որոշեց բիզնեսով զբաղվել. «Ընդմիջումների ժամանակ ինչ-որ բաներ էի կարդում, մի անգամ օճառի պատրաստման մասին նյութ ընկավ աչքովս, որոշեցի, որ կարելի է փորձել: Այսինքն` իմ պարագայում բիզնեսով զբաղվելը հոբբի էր»:

Գոհար Մեժլումյանը նշում է, որ տնեցիները եւ ծանոթները թերահավատորեն էին վերաբերվում իր այդ նախասիրությանը, ասում էին` միայնակ չի կարող գործից գլուխ հանել, հետո դրա համար փող է պետք, սակայն ինքը չի ընկրկել ու զրոյական վիճակից բիզնես է սկսել. «Օրինակ` օճառի համար համապատասխան տարաները խնդրել եմ, որ հայրիկիս ընկերը պատրաստի, օճառ կտրելու գործիքը` ընկերներիցս մեկն է պատրաստել, իմ քիմիկոս ընկերների աջակցությանն եմ ապավինել, որովհետեւ ինչքան էլ համացանցում տեղեկատվություն կա, միեւնույն է բավարար չէ, դու պետք է փորձով ինչ-որ գաղտնիքներ բացահայտես: Մենք հրաշալի բնություն, խոտաբույսեր ունենք, մեր եթերայուղերը շատ լավն են, ուրեմն ինչո՞ւ չօգտվել այդ ամենից»:

Գոհար Մեժլումյանն իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է` ինչ քայլ արել է, հաջողել է. «Պետք է ռիսկի դիմել ու ցանկանալ, այդ դեպքում բոլոր ճանապարհները քեզ կտանեն դեպի հաջողություն»:

Երջանկության մասին էլ հետեւյալն է ասում. «Երջանկությունն ինձ համար այն է, որ ապրում եւ աշխատում եմ իմ հայրենի հողի վրա…Ամեն ոք էլ կարող է գնալ դրսում ապրել ու ավելի շատ վաստակել, բայց ես գերադասում եմ ապրել եւ աշխատել հենց Հայաստանում ու ամեն ինչ անել սիրով»:

Ընթերցանության մասին խոսելիս մեր զրուցակիցը հայտնեց, որ ներկայումս ժամանակ չունի գեղարվեստական գրքեր կարդալու, ու ավելի շատ մարքետինգի ու բիզնեսի թեմայով է ր ընթերցում. «Ուզում եմ հասկանալ, թե ինչպես վարվեմ, որ բիզնեսը լավանա, որովհետեւ եթե այդ առումով ցանկացած ոք որքան հաջողակ լինի, ավելի լավ հարկատու կլինի, դրանից երկիրն էլ կշահի»:

Ինչ վերաբերվում է ընկերությանն ու կարեւոր արժեքներին, Գոհար Մեժլումյանն ասում է, որ լավ ընկերության առանցքում պետք է հավատարմությունը լինի, եւ եթե մարդիկ հավատարիմ լինեն միմյանց, մնացած բոլոր հարցերը կլուծվեն` անկախ տարաձայնություններից: Հավելում է, որ երբեք փոխզիջման չի գնա ոչ մի հարաբերության մեջ ու ոչ մի պարագայում, եթե գործ ունի դավաճանի հետ. «Կյանքում, սիրո, ընկերության մեջ եւ բիզնեսում դավաճանությունը չի ներվում»:

Հարցազրույցի վերջում Գոհար Մեժլումյանը կրկին ընդգծեց, որ պատերազմի ավարտից հետո երազում է մեծացնել փոքրիկ բիզնեսը ու այդ կերպ օգտակար լինել երկրին. «Տղամարդ չեմ, որ զենքը ձեռքիս կռվեմ հանուն հայրենիքիս, բայց այդպես գոնե ինչ-որ ձեւով կռիվ կռամ ու կաջակցեմ երկրիս»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Գոհար Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031