Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի 6-րդ դասարանի աշակերտները ոգեւորված պատմում են, թե ով ի՞նչ է բերել, որ ուղարկեն սահման՝ զինվորներին կամ Արցախում պատերազմի հետեւանքով տուժած իրենց հասակակիցներին: Նրանք որոշել են ետ չմնալ ավագ ընկերներից: Պատերազմի մասին լուրն առնելուց հետո գյուղի ավագ դպրոցի տղաները՝ «խելք-խելքի» են տալիս եւ որոշում են, թե իրենք ինչպես պետք է օգնեն համազգային գործին: Որոշում են եւ անցնում գործի. գյուղից մոտ մեկ միլիոն դրամ գումար են հավաքում երկու «Գազել» ավտոմեքենա սնունդ եւ հագուստ:
12-ամյա Հակոբն էլ է ուզում գնալ կռիվ: Ծնողներին դեռ չի ասել այդ մասին, չգիտի՝ կթողնե՞ն, թե՞ ոչ, բայց ուզում է գնալ՝ զենքը վերցնել ու սահմանին կանգնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գյուղի միջնակարգ դպրոցը արցախյան առաջին պատերազմում զոհված Հրայր Կարապետյանի անունն է կրում: Արցախյան առաջին պատերազմում գյուղը երեք զոհ է տվել՝ Հրայրը, Արմենը, Շիրակը:
«Ողջ դպրոցում հայտարարեցինք, որ, մինչև օրվա վերջ ով ինչով կարող է՝ օգնի՝ սկսած հագուստից, վերջացրած հիգիենայի պարագաներով, սննդով: Այդ օրը մենք հերթապահում էինք դպրոցում. մինչև գիշերվա 23:00-ն մարդիկ բերում էին՝ ով ինչ կարող էր: Երկու մեծ պայուսակ միայն կոշիկ էինք հավաքել՝ բոլոր չափսերի: Նաև ուսուցիչները գումար ներդրեցին, որը ծախսվեց ներքնաշորերի, գուլպաների վրա, որոնք, իհարկե, այլ անձանցից վերցնել չէր լինի, նորերը գնեցինք: Գյուղացիները բերել են ալյուր, լոբի, մակարոնեղեն, ձեթ, մի խոսքով՝ անհրաժեշտ ցանկացած մթերք»- մեզ հետ զրույցում պատմեց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Լիլիթ Ենգիբարյանը:
Գյուղում նաեւ հյուրընկալվել են Արցախի ռմբակոծված բնակավայրերից տեղահանված երկու տասնյակից ավել մարդ: Պատրաստ են էլի հյուրընկալել:
Տիկին Լեյլին զինվորի տատիկ է: Մեծ թոռը՝ Կառլենը արդեն 1,5 տարի է ծառայում է հայկական բանակում, հունվարին է զորացրվելու: Արցախում է: Մյուս թոռնիկը՝ Արսենն էլ հունվարին է զորակոչվելու բանակ: Արցախում՝ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում նաեւ տիկին Լեյլիի քրոջ, եղբոր թոռները: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմի մասին լուրն առան՝ «սրտներից արյուն էր կաթում», մինչեւ կստանային բաղձալի զանգը ու կլսեին՝ «լավ եմ»: Ամսի 27-ից հետո բոլոր օրերն անցնում են այդ զանգին սպասելով: Զանգում ու ինքն է «դուխ» տալիս՝ «բան չմնաց, մի քիչ էլ համբերեք՝ բոլորս հաղթած հետ ենք գալու»: Տատիկը ոչինչ չի ուզում, միայն՝ Աստծո աջը անպակաս լինի հայրենիքը պաշտպանող մեր տղաների գլխից:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ