Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի էներգետիկ անվտանգության երաշխավորն այլևս ոչ թե Ադրբեջանն է, այլ հայկական զինված ուժերը, Հայաստանը. Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 05,2020 16:56

«Առավոտի» զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը

-Դուք հայտարարում եք, որ Ադրբեջանում գտնվող միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղներն ու նավթամուղները, որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր, պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Ձեր այս հայտարարությունը ամենատարբեր մեկնաբանությունների է արժանացել, ինչո՞ւ եք պատերազմի այս թեժ պահին նման դիրքորոշում արտահայտել։

-Հենց այսօր է այդ մասին բարձրաձայնելու ամենաճիշտ ժամանակը։ Հասկանալիորեն, այս օրերին բոլորս կենտրոնացած ենք պատերազմի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա, բոլորիս հույզերն ու մտքերը մեր զինվորների հետ են։ Բայց մեր՝ քաղաքական գործիչներիս խնդիրը պետք է լինի անգամ ամենածանր պահին պահպանել սառնասրտություն և կայացնել մեր ազգային շահերի վրա հիմնված կշռադատված որոշումներ։

Ուզում եմ ընդգծել իմ հայտարարության մեջ արված ամենակարևոր շեշտադրումը՝ մենք պետք է նշանառության տակ առնենք Ադրբեջանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքները, սակայն ոչ թե դրանք խոցելու, այլ դրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ֆորմալ առումով դրանց անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Սակայն Ադրբեջանում այս օրերին ամեն պահի իրավիճակ է փոխվում, գեներացվում է ներքին անհնազանդություն ազգային փոքրամասնությունների կողմից, մյուս կողմից՝ լրջագույն խնդիրներ են առաջացել այդ երկիր Թուրքիայի բերած վարձու ահաբեկիչների պատճառով։ Եվ այս իրավիճակում Ադրբեջանն ինքը կամ այնտեղ գտնվող ահաբեկիչները կարող են խոցել էներգետիկ ենթակառուցվածքները և դրա մեղքը բարդել հայկական  կողմի վրա։

Մենք պետք է բացառենք այդ հնարավորությունը և աշխարհին, միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ադրբեջանում խոշոր տնտեսաքաղաքական շահեր ունեցող ազդեցության կենտրոններին ուղերձ հղենք այն մասին, որ տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության երաշխավորն այլևս ոչ թե Ադրբեջանն է, այլ հայկական զինված ուժերը, Հայաստանը։ Եթե ավելի պարզ ներկայացնենք, դա նշանակում է, որ նույն այդ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար աշխարհաքաղաքական այդ կենտրոնները հետայսու պետք է խոսեն ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի, հայկական կողմում ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների հետ։ Դրա արդյունքում էականորեն կբարձրանա մեր սուբյեկտայնությունը տարածաշրջանում՝ դրանից բխող մեզ համար շահեկան բազմաթիվ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հետևանքներով։ Աշխարհին հայտարարելով, որ մենք կարող ենք, բայց չենք խոցում նաև իրենց շահերը սպասարկող ենթակառուցվածքները, մենք հիմք ենք ստեղծում, որպեսզի նույն աշխարհը մեզ հետ հարաբերվի այդ դիրքերից, հարաբերվի որպես սուբյեկտի, որն ապահովում է նաև համաշխարհային էներգետիկ շահերի անվտանգությունը։  Սա է իմ հայտարարության հիմնական ուղերձը։

Մեր զինվորների նշանառության տակ գտնվող ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հանձնառությունը անպատկերացնելի մեծ քաղաքական կապիտալ է, որն ընդհուպ կարող է վճռորոշ դեր ունենալ մեր օգտին պատերազմի ելքի և միջազգային հանրության՝ մեզ համար շահեկան դիրքորոշման առումով։

-Հուլիսին Տավուշում տեղի ունեցած ռազմական իրադարձությունների օրերին նույնպես Դուք հայտարարել էիք, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը։  Ո՞րն է նույն հայտարարությունը կրկնելու անհրաժեշտությունն այսօր։

-Իրականում հուլիսին արված և այսօր հնչեցված իմ հայտարարությունները սկզբունքային տարբերություն ունեն։ Ես հուլիսին ասում էի՝ պետք է հայտարարել, որ Հայաստանը չի թիրախավորում Ադրբեջանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքները, և, ի դեպ, օրեր անց նույն հայտարարությունը հնչեց նաև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Այսօր ես ասում եմ՝ պետք է թիրախավորել այդ ենթակառուցվածքները՝ միաժամանակ հայտարարելով, որ մենք կարող ենք, բայց չենք խոցում դրանք, այլ հակառակը՝ ապահովում ենք դրանց անվտանգությունը։ Աշխարհն այլևս պետք է հասկանա, որ Թուրքիայի հետ ավանտյուրայի մեջ մտած Ադրբեջանի հանցագործ իշխանությունն այլևս չի կարող լինել իրենց տնտեսաքաղաքական շահերի երաշխավորը, և որ դրա համար իրենք պետք է խոսեն Հայաստանի, հայկական ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Որևէ մեկս կասկած չունի, որ պատերազմն ավարտվելու է մեր զինված ուժերի փառահեղ հաղթանակով։

Բայց մեզ ռազմի դաշտում հաղթանակների հետ զուգահեռ անհրաժեշտ են նաև քաղաքական, դիվանագիտական հաղթանակներ ապահովելու, մեր հերոս զինվորների սխրանքը քաղաքականապես ամրագրելու հաղթաթղթեր։ Իմ հայտարարությունը հենց այդ նպատակադրումն ունի։ Մենք պետք է աշխարհին հստակորեն, շիտակ ցույց տանք, որ այսօր մենք պայքարում ենք համաշխարհային ահաբեկչության դեմ՝ ահաբեկչության սպառնալիքից պաշտպանելով ոչ միայն մեր հայրենիքն ու մեր երեխաներին, այլ նաև նույն միջազգային հանրության շահերը։ Միջազգային հանրությունը պետք է վերջապես հասկանա, որ ի դեմս հայկական զինված ուժերի իրականացրած գործողությունների՝ գործ ունի հակաահաբեկչական պայքարի հետ։ Այս ուղերձը հետևողականորեն հնչեցվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ինչը, վստահ եմ, ապագայում տալու է իր դրական պտուղները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031