Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռ է ժամանել Հայաստան եւ ինչ նպատակով, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում այդ մասին արդեն գրառում է կատարել:
«Ցանկանում եմ պարզաբանել. ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանե Գեւորգյանը:
Aravot.am-ը արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյոք ուժի մե՞ջ է հոկտեմբերի 9-ին Երեւանում սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, ի՞նչ նպատակով է ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը ժամանել Հայաստան:
Ըստ շրջանառվող լուրերի ՌԴ-ի նախագահին սպասարկող ինքնաթիռը հենց այդ միջոցառման շրջանակներում է Երեւան եկել:
Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանն ասաց. «Նշեմ, որ Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր: Դա ընդունված ընթացակարգ է ցանկացած նման միջոցառման համար»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ՌԴ առաջին բորտի ինքնաթիռը նույնպե՞ս այդ միջոցառման շրջանակներում է Հայաստանում, Աննա Նաղդալյանն ասաց՝ ես տեղյակ եմ, որ այսօր Հայաստան է ժամանել նախապատրաստական խմբերից մեկը: Հետաքրքրվեցինք՝ հենց այդ ինքնաթիռո՞վ է ժամանել, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց՝ գիտեմ, որ եղել է ժամանում նախապատրաստական խմբերի եւ նաեւ գիտեմ, որ այդ ուղղությամբ մեկ ինքնաթիռ է եկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ