Եվրոպայի ամենահայտնի երիտասարդական կազմակերպություններից մեկը՝ AEGEE/Եվրոպական ուսանողների ֆորումը, այսօր արտահերթ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Մասնավորապես, ընդգծելով պատերազմական գործողությունների դադարեցման հրատապ անհրաժեշտությունը՝ իր տարածած արտահերթ հայտարարության Եվրոպական Ուսանողների Ֆորումի Բրյուսելյան գլխամասը մեջ կոչ է անում անհապաղ դադարեցնել ընթացող ռազմական գործողությունները և խստագույնս հավատարիմ մնալ նախկինում համաձայնեցված հրադադարի ռեժիմին:
Միաժամանակ, երիտասարդական կառույցի ներկայացուցիչները միանում և աջակցում են Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի կողմից արդեն իսկ արտահայտված դիրքորոշումներին և հորդորում են վերսկսել ու շարունակել դիվանագիտական երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջազգայնորեն ճանաչված հովանու ներքո՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: AEGEE-ն լիարժեքորեն դեմ է արտահայտվում հակամարտության ռազմական լուծումներին, իսկ տարածաշրջանային դերակատարներին ու երրորդ կողմերին հորդորում է խուսափել այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը:
Մեկնաբանելով տարածված արտահերթ հայտարարությունը՝ AEGEE-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Կալիպսո Բզնունին իր կողմից հավելում է, որ մշտական կապ է պահպանում Բրյուսելյան գլխամասի ու այլ եվրոպացի գործընկերների հետ՝ նրանց ներկայացնելով Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ ռազմական գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության, մասնավորապես երիտասարդության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:
Կարդացեք նաև
Ամբողջական հայտարարությունը այստեղ:
Եվրոպական ուսանողների ֆորումի երևանյան գրասենյակ