Այսօր Վանաձորի համայնքի ավագանին հրավիրեց արտահերթ նիստ՝ քննարկելու Արցախի պաշտպանության համար 15 միլիոն դրամ հատկացնելու հարցը: Մինչ թեմային անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր զոհված հերոսների հիշատակը:
Ապա քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հորդորեց, որպեսզի համայնքի ավագանին ներգրավվի ակտիվ քաղաքացիների, որոնց հետ միասին կկարողանան մաքրել եւ կարգի բերել նաեւ Վանաձորի ապաստարանները, որոնք տարիների ընթացքում վերածվել են նկուղների. «Մենք պատերազմի մեջ ենք: Հայաստանի նկատմամբ հայտարարված չէ, բայց ամեն դեպքում՝ օր-օրի տեսնում ենք, որ հնարավոր է այս գործողություններն ավելի լայն բնույթ կրեն, եւ մենք որպես այս համայնքի ղեկավարություն, պարտավոր ենք առավել ակտիվ լինենք եւ մարդկանց կարողանանք իրազեկել: Մենք համատիրություններին հրահանգավորել ենք, որպեսզի այդ աշխատանքները կազմակերպեն: Կխնդրեմ ավագանու անդամները իրազեկված լինեն քաղաքի թաքստոցների եւ ապաստարանների մասին»,- ասաց համայնքի ղեկավարը:
Քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ կազմվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Արցախից եկած անձանց ապաստարաններում տեղավորելու, սննդով եւ հագուստով ապահովելու աշխատանքներով:
Այնուհետեւ քննարկման դրվեց օրակարգում ընդգրկված միակ հարցը: Համայնքի ավագանին միաձայն կողմ քվեարկեց՝ Վանաձոր համայնքի ավագանու եւ համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ մշակված նախագծին, այն է՝ աջակցելու Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին: Վանաձորից 15 միլիոն դրամ կուղարկվի Արցախ:
Կարդացեք նաև
Համայնքի ներդրումն իրականացվելու է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդից գումար տրամադրելու, ինչպես նաեւ «Վանաձորի օր» տոնակատարության համար նախատեսված ծախսերը չեղարկելու արդյունքում:
Հիշեցնենք, որ այս օրերին առաջնագծում են նաեւ Վանաձորի համայնքի ավագանու անդամներ՝ Խորեն Վարդանյանը եւ Ռոմիկ Մարգարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ