Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայեդ Խաթիբզադեն ասել է, որ իրենք մշակել են ծրագիր Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակների հակամարտությանը վերջ տալու համար:
Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում Խաթիբզադեն ասել է, որ Իրանը սերտորեն հետևում է իր հյուսիս-արևմտյան սահմանի մոտ տեղի ունեցող իրադարձություններին և սերտ կապ է պահպանում երկու կողմերի հետ:
«Հակամարտության առաջին օրվանից Իրանը խոսել է երկու կողմերի հետ էլ՝ նշելով, որ տասնամյակների վեճը չի կարող ռազմական լուծում ունենալ: Կրկին, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և գրավված քաղաքներից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը՝ մենք շեշտում ենք, որ ռազմական հակամարտությունը պետք է դադարեցվի՝ համապարփակ քաղաքական երկխոսություն սկսելու համար»:
«Իրանը պատրաստել է մանրամասն ծրագիր նշված շրջանակի սահմաններում և այն կներկայացվի կողմերի և տարածաշրջանի երկրներին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Խաթիբզադեն նաև կողմերին կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի որևէ ոչ դիտավորյալ ագրեսիա իր հողում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ