Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձում են տպավորություն ստեղծել, թե երկրի ղեկավարը պետք է ծնկաչոք գնա մյուս երկրի ղեկավարի մոտ ու ինչ-որ բաներ աղերսի, ինչ լավ է, որ իրենք այսօր կշիռ չունեն». Սանդիկով

Հոկտեմբեր 05,2020 15:04

Ռուսաստանյան տարբեր հարթակներից ուղերձներ են հնչում, որ դիմեք Պուտինին, ինչո՞ւ չեք խնդրում Պուտինին, կամ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում Ռուսաստանի անունը չտվեց եւ այլն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ դուք անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք խնդրանքով դիմելու ՌԴ-ին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ռուսական համայնքը ներկայացնող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը պատասխանեց. «Անկեղծ ասած, նմանատիպ ուղերձներ հնչում են ոչ միայն ՌԴ-ում, այլ այստեղ կեղծ հայրենասերների շրջանակներում եւ հայ-ռուսական հարաբերությունների երդվյալների շրջանակներում: Բայց գործը, ինչպես միշտ, հուշում է այլ բանի մասին: Հայաստանի եւ ՌԴ-ի ղեկավարները այս մեկ շաբաթից ավելի տեւող պատերազմի ընթացքում արդեն 3-րդ անգամ հեռախոսազրույց են ունենում: Դա նշանակում է, որ երկրի առաջին դեմքերը անմիջական կոնտակտի մեջ են եւ անմիջական շփում կա հենց կոնֆլիկտի, պատերազմական իրավիճակի շուրջ: Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ գործը խոսում է բոլորովին այլ բանի մասին, ինչ խոսում են ֆեյսբուքի կեղծ հայրենասերները»:

Այն, որ այդ ուղերձները հնչում են նաեւ ռուսական ալիքներով, տարբեր հաղորդումների ժամանակ, օրինակ, Սոլովյովն էր նման դիտարկում անում՝ Սանդիկովը պատասխանեց. «Սոլովյովի ելույթները մեծամասամբ խիստ հայանպաստ ու հայամետ են, արցախյան հիմնախնդրի համատեքստում Սոլովյովի ելույթները սատարում են հայ ժողովրդին ու հայկական կողմին, այլ բան է, թե քաղաքական ինչ-ինչ ենթատեքստեր փորձում է հնչեցնել, դա իր անձնական գործն է, կամ լրագրողի գործն է ու որեւէ մեկը չի կարող թելադրել իր կարծիքը: Բայց կան հանրային գործիչներ, որոնք իրենց կոչերով կարծես թե փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինչ-որ երկրի ղեկավար պետք է ծնկաչոք գնա մյուս երկրի ղեկավարի մոտ ու ինչ-որ բաներ աղերսի, ինչ լավ է, որ իրենք այսօր այդ դերակատարումը, այդ կշիռը չունեն երկրի համար այս որոշիչ շրջանում»:

«Ռիա Նովոստին» թվային տվյալներ է հրապարակել, որ Արցախում սպանվել է 93 վարձկան, բայց կրկին ուղարկվել է 430 գրոհային: Հարցին՝ ի՞նչ պետք է անել՝ գոնե նոր գրոհայինների, նոր ահաբեկիչների ներգրավումը կանխելու համար՝ Սանդիկովը պատասխանեց. «Հենց դրան է միտված մեր այսօրվա արտաքին դիվանագիտական ողջ աշխատանքը: Մենք բոլորս լծված ենք նրան, որ աշխարհասփյուռ հանրությանը, բոլոր երկրների ղեկավարությանը հասցնենք այն ուղերձը, որ սա այլեւս հայ-ադրբեջանական, կամ արցախյան կարգավորման հարց չէ, սա արդեն տարածաշրջանային, համաշխարհային ու արդեն տեռորիստական բնույթ ստացած ռազմական կոնֆլիկտ է, որտեղ ակնհայտ է Թուրքիայի անմիջական միջամտությունը: Օր առաջ, ժամ առաջ պետք է Թուրքիայի նման ոտնձգությունները դադարեցվեն որովհետեւ դա հղի է անդառնալի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031