Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեցելուց (լուսանկարում) հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանակ տվեց Ալիեւին ու կոչ արեց բնակչությանը դուրս գալ այդ տարածքից, ինչո՞ւ ենք մենք այսքան մարդասիրաբար վարվում իրենց հետ՝ հաշվի առնելով, որ նրանք պատերազմի 9-րդ օրն է՝ անմարդկային ձեւով ոտնահարում են բոլոր միջազգային կոնվենցիաները, թիրախավորում խաղաղ բնակչությանը, ԶԼՄ-ներին, ինչո՞ւ ենք մենք իրենց այդ շանսը տալիս:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց. «Պատերազմը՝ պատերազմ, բայց մեր ժողովուրդը խաղաղասեր, քրիստոնյա ժողովուրդ է: Ղարաբաղյան պատերազմում էլ, մենք միշտ, երբ ինչ-որ տարածք ենք գրավել, մեր բոլոր ազատամարտիկները, ում հետ խոսել եմ, ասում էին՝ միջանցք էինք թողնում եւ ժամանակ, ընդ որում, ոչ միայն խաղաղ բնակչությանը, անգամ զինված խմբավորումներին հնարավորություն է տրվել նահանջելու: Սա մեր ժողովրդի բացառիկ ունակություններից, կարողություններից մեկն է: Մենք խաղաղ ենք մեր լեռների պես, ինչպես Շիրազն է ասում, բայց վայ նրանց, ով կուզի խուժել հողմերի պես վայրագ: Մենք նրանց կոչնչացնենք մեր հողի մեջ: Մենք որեւէ մեկից չենք վախենում, բայց միեւնույն ժամանակ խաղաղ, քրիստոնյա ժողովուրդ ենք ու տալիս ենք դիմացինին հնարավորություն՝ իր սխալը շտկելու; Բայց եթե դիմացինը ահաբեկիչ է, հիմար է ու այդ հնարավորությունից չի օգտվում, մենք ստիպված ենք ու պարտավոր ենք նրանց ոչնչացնելու, եթե շարունակեն մեր խաղաղ բնակչությանը թիրախավորել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ