Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հնչած ուղերձին, նշել է, որ ՀՀ վարչապետն ըստ էության ոչինչ չի ասել: Ապա հաղորդման ընթացքում Սոլովյովը կարծիք է հայտնում, թե Փաշինյանն այդպես էլ Ռուսաստանի օգնությանը չի դիմում, բայց օրինակ դիմել է Ֆրանսիային, Գերմանիային եւ այլն:
Սոլովյովի այս դիտարկումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը չցանկացավ մեկնաբանել, նշելով՝ սա ընդամենը լրագրողի կարծիք է, իսկ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնում են պաշտոնական այրերը, ընդ որում՝ այդ այրերն արդեն հայտարարություններ արել են, ուստի ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը դա է, եւ պետք է դրանց վրա հիմնվել: Իսկ մամուլում հնչող ակնարկներն, ըստ պատգամավորի, կարող են լինել տարբեր պատճառներով՝ սկսած ադրբեջանական լոբբիի աշխատանքից, վերջացրած ինչ-որ ներքաղաքական խնդիրներով. «Մենք պետք է ոչ թե դրանց արձագանքենք, այլ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը հաշվի առնենք»:
Ըստ լրագրողի, թեեւ Նիկոլ Փաշինյանը դիմում է այլ երկրներին, բայց նրա կարծիքով միայն Ռուսաստանը կարող է այս ամենը կանգնեցնել, իսկ ՌԴ-ն էլ չի կարող երկրի ղեկավարի «գլխից թռնել» ու ինչ-որ գործողություն անել: Հաղորդման հյուրը՝ ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովն էլ ասում է, թե հայ լրագրողների տեղեկացմամբ ՀՀ- են ժամանել ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները. «Տեսնես՝ ինչո՞ւ, հո թեյ խմելու չեն եկել»
Կարդացեք նաև
«Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որեւէ մեկին չի դիմում, ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ռուսաստանին: Վարչապետն իր հեռախոսազրույցներով այդ երկրների ղեկավարներին տեղյակ է պահում, թե ինչ է կատարվում, իսկ թե ով, ինչ ինչ պետք է արվի, կարծում եմ կոնկրետ պետություններն ու ղեկավարներն են որոշողը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Զոլյանը:
Նա հիշեցրեց՝ Ռուսաստանի հետ հաղորդակցության պակաս չի եղել, երկրների ղեկավարները երեք անգամ խոսել են. արտգործնախարարների եւ գերատեսչությունների միջեւ մշտապես կապ կա, ռազմական գերատեսչություններն են կապի մեջ. «Այնպես որ, Մոսկվայում շատ լավ տեղյակ են խնդրին եւ այստեղ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Իսկ այսդ կարծիքներն ավելի շատ լրատվական քարոզչական ոլորտից են»:
Ռուսաստանի ղեկավարությունը շատ լավ տեղյակ է, թե իրականում ինչ է կատարվում, եւ ինչպես պարոն Զոլյանն ասաց, ՌԴ-ն հասկանում է՝ այն ինչ տեղի է ունենում՝ դա Հարավային Կովկասում Թուրքիայի առաջխաղացման փորձն է, որը տեղի է ունենալու Ռուսաստանի հաշվին. «Այնպես, որ ՌԴ-ն առանց մեզ էլ շատ լավ տեսնում է՝ ինչ է կատարվում, նաեւ հասկանում է՝ Արցախում մի կողմից ռուսական սպառազինությունն է, մյուս կողմից արեւմտյան երկրների, Իսրայելի սպառազինությունն է, որը եւս կարծում եմ՝ այս պայքարի արդյունքում կարող է կարեւոր ազդեցություն ունենալ ՌԴ-ի՝ ռազմական ոլորտում հեղինակության վրա»:
Պատգամավորն ասաց, որ այս օրերին հաճախ մանիպուլյատիվ հրապարակումներ են լինում Փաշինյան-Պուտին հարաբերությունների մասին. «Բոլորին հայտնի է՝ Պուտինը հարգում է ուժեղ առաջնորդներին: Կարծում եմ, որ որեւէ մեկը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը ուժեղ առաջնորդ է եւ այս օրերը դա ցույց են տալիս»:
Ի վերջո, արդյոք ՌԴ-ն միա՞կ երկիրն է, որը կարող է ազդել Թուրքիայի վրա, քանի որ բացահայտված է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն այս պատերազմում, եւ եթե Թուրքիան հաշվի չի նստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ՌԴ-ի հետ ինչպիսի՞ն են լեզու գտնելու հնարավորությունները: Բայց ինչպես ասաց Միքայել Զոլյանը. ամեն ինչ որոշվում է ռազմի դաշտում, ըստ պատգամավորի, ամեն ինչ կախված է ՀՀ եւ Արցախի զինված ուժերից, միեւնույն ժամանակ դիվանագիտական պայքար է գնում այս ամեն ինչի շուրջ, որը կարող է կամ նպաստել մեր հաղթանակին կամ խանգարել:
«Այն հարաբերությունների համակարգը, որն այսօր գոյություն ունի, մասնավորապես Ռուսաստանի դերը տարածաշրջանում եւ ՀԱՊԿ-ի հետ մեր անդամակցությունը ստեղծում է մի իրավիճակ, որը խիստ սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները, եւ դրա պատճառով է, որ Թուրքիան գրոհում է ոչ թե բուն Հայաստանի սահմանների վրա, այլ Ադրբեջան է ուղարկում իր զինված ուժերը, վարձկաններին, որպեսզի այնտեղից կռվեն: Եվ այնպես չէ, որ Թուրքիան կարող է անել այն, ինչ ուզում է»,-ասաց Միքայել Զոլյանը:
Բայց, ըստ պատգամավորի, այս ամենում վճռորոշ դերը մեր եւ Արցախի զինված ուժերին է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ