Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի հարցումը, որով պահանջվում է Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկել` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից:
«Այո, մենք Հայաստանից հարցում ենք ստացել Թուրքիայի դեմ միջոցառումների վերաբերյալ: Գործող կանոնների համաձայն՝ ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասել այդ հարցման բովանդակության մասին», – ասել է ՄԻԵԴ մամուլի ծառայության ներկայացուցիչը, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ է քննարկվելու այս խնդրանքը: Դատական պրակտիկայի համաձայն՝ նման գործողությունները սովորաբար տեւում են մի քանի օր:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան`խնդրելով քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ