Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը պարզաբանեց հարցը, թե ինչպես են տնօրինվում Արցախի համար սկսված դրամահավաքի միջոցները, որոնք այս օրերին փոխանցվում են հիմնադրամին: «Դա տեղի է ունենում միասնական որոշմամբ, քանի որ դրամահավաքը հայտարարվել է միասնական որոշմամբ՝ ՀՀ-ում եւ Արցախում: Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար՝ մեքենայի, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման եւ այլ անհրաժեշտ բաների վրա: Անհոգ եղեք, գումարները ծախսվում են միասնական որոշմամբ»,-վստահեցրեց Հայկակ Արշամյանը:
Հիշեցնենք, որ հիմնադրամը հրապարակել է կայքի միջոցով նվիրատվություն կատարելու ուղեցույց:
https://www.facebook.com/242684495778761/posts/3291599307553916/
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ դիմեց հանրությանը. «Բոլորիդ խնդրում, հորդորում եւ կոչ եմ անում՝ ակտիվ լինել: Սա հայոց ճակատագրի ամենակարեւոր փուլն է, եղեք ակտիվ եւ միջոցներ ուղղեք Հայաստան համահայկական հիմնադրամին: Այն գումարները, որոնք շատ հաճախ ծախսվում են այս կամ այն կարիքների համար, ավելի լավ է ուղղել հիմնադրամին, որպեսզի դրանց փոշիացումը բացառվի: Այդ կերպ կարեւոր եւ մեծ խնդիրներ կլուծենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ