Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվական նյութեր ու լուսանկարներ է տարածում ու դառնում համընդհանուր ծաղրի ու զավեշտի առարկա: Երեկվանից սոցցանցերում բազմաթիվ անեկդոտների ու հումորների տեղիք է տվել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հրապարակած լուսանկարը, որն իբր ապացուցում է, թե հայկական կողմը հրթիռ է նետել Մինգեչաուրի ՋԷԿ-ի վրա, բայց «մեր» հրթիռը «շնորհքով ներխուժել է» Մինգեչաուրի ասֆալտի մեջ ու բախտի բերմամբ չի պայթել:
Թե ինչ խնդիր են լուծում դրանով ադրբեջանցիները՝ դառնալով ծաղրի առարկա՝ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Հասկանալի է, որ որեւէ հաջողություն չգրանցելով նախատեսված ժամանակահատվածում՝ թշնամին փորձում է ապատեղեկատվությամբ իր հանրության վրա ազդեցություն գործել՝ շատ լավ հասկանալով, որ դա կարճաժամկետ բնույթ ունի: Չեն խորշում նույնիսկ այդ մեթոդներից: Մեր ՊՆ նախարարը նշեց, որ սա փոփոխական հաջողությունների շրջան է: Օրինակ, եթե դու հայտարարել ես, որ ընդամենը 1 կմ առաջ ես գնացել ու հաջորդ օրը հետ ես գնում այս 1 կմ-ը, դրանով շատ ուրախանալ պետք չի, մարտավարական գործողությունները պետք է շատ հստակ ներկայացնել: Չհաջողելով այդ ընթացքում իրենց ծրագրված «7 շրջանի ազատագրելու» գործողություններն իրականացնել, անցել են հիբրիդային պատերազմի երկրորդ բաղադրիչին՝ զուտ տեղեկատվական կեղծիքով ինչ-որ արդյունքներ գրանցելու, որը կարճաժամկետ է: Այն պաշտպանության բանակը, որն իր հողերն է պաշտպանում ու արդար պայքար տանում, ինքը նման խնդիր չունի, իսկ այն ուժը, որը փորձում է ահաբեկչությամբ ինչ-որ արդյունքի հասնել, բնականաբար, նրան խորթ չեն կեղծիքը: Կեղծիքի այդ աստիճանն է իրենց հասանելի, գոնե պրոֆեսիոնալիզմ գոյություն չունի, կարկինով գծած անցք են դրել ու այդ ցցուն արկը ցուցադրում են միջազգային հանրությանը, ծաղրի են ենթարկվում: Ցավում եմ, որ մենք արժանի հակառակորդ չունենք»:
ՌԴ-ից տարբեր հարթակներից մեզ ուղերձեր են գալիս, որ դիմեք Պուտինին, «позвони мне, позвони» տարբերակով, ի վերջո դիմելո՞ւ ենք ՌԴ-ին: Այս հարցին ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մեր ՊԲ-ն հրաշալի կատարում է իր առջեւ դրված խնդիրները: Հակառակորդը արդեն դիմել է՝ որոշակի հնարավորություններ օգտագործելու, որ բանակցություններ սկսվեն, բայց որպես կանոն անլուրջ պայման է դնում, թե հայկական զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր տարածքներից, նոր բանակցություններ սկսեն: Առաջին էտապում այս հռետորաբանությամբ կսկսեն, վաղը, մյուս օրը իրենք ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ