Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հեքեքյան. «Իհարկե կոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը, կասկած չկա, որ հաղթելու ենք եւ հաղթել ենք»

Հոկտեմբեր 05,2020 12:38

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց, որ ռազմահայրենասիրական կրթությունը մեծ դեր ունի, նրա խոսքով՝ Նժդեհի գաղափարախոսությունն էլ գալիս էր հենց լավ կրթությունից: «Չլողանանք մեր գեղեցիկ հույզերի մեջ, բայց գիտակցենք, որ մեր արվեստն էլ պետք է մեր ոգին կրթի»,-կարծում է Միլիտոնյանը ու հավելում, որ արվեստի ուղղած հարվածն էլ պետք է ճիշտ ուղղորդվի:

Հայաստանի գրողների միության նախագահի ձեւակերպմամբ, ինչպես մեր երկիրը այնպես էլ մեր դեմ գործող Թուրքիան մենակ չէ, վերջինս ՆԱՏՕ-ի այն երկրներից է, որ զինվածությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում. «Մեր ուժը նաեւ նրա մեջ է, որ կարողանանք ճշգրիտ բարեկամություն անել, մանեւրային գործողություններ անել աշխարհաքաղաքական մեծ խաղում, ի դեպ, այդ առումով Թուրքիան արդեն փակուղի է մտնում»:

Գրողների միության նախագահի բառերով, ահաբեկչական խմբավորումների մոտենալը Եվրոպայի, Իրանի, Ռուսաստանի դռներին, արթնացնելու է նրանց զգոնությունը, որ սա տեղային պատերազմ չէ, եւ յուրաքանչյուր երկիր դրան դիմագրավելու առումով իր շահը ունի, քանի որ տեղային պատերազմից վախ կա՝ վերաճելու լայնածավալ պատերազմի. «Երբ Արցախի ուժերը գնդակոծել են Գանձակի օդանավակայանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ կա, որ պատերազմի շրջագիծն ընդլայնվում է, ու շատ տեղին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ դուք արդեն ընդլայնել եք մարտական գործողությունների գոտին հարվածելով Վարդենիսին»:

Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ Արցախում համադրելով փափուկ ուժն ու կոշտը, որոշ հաջողությունների ենք հասել, որը պետք է ամրապնդվի վերջնական հաջողությամբ: Նա խորհուրդ տվեց երկպառակություն մտցնողներին լռել եւ գործ անել. «Մեզ հաճախ խանգարում է՝ խելքի ավելցուկը եւ հավակնոտությունը…Վերջ տվեք փիլիսոփայելուն, մեկը մյուսից ավելի հայրենասեր երեւալու մոլուցքին»:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը եւս զուսպ լինելու կոչ արեց. «Լրացուցիչ թշնամիներ չպետք է ձեռք բերենք մեր անմիտ խոսակցություններով, աշխարհում անհատական բարոյականությամբ չեն ղեկավարվում երկրները, մենք չպետք է սպասենք, որ նրանք հատուկ Հայաստանի համար քաղաքական վերաբերմունք պետք է ունենան, մենք պետք է պահենք մեր երկիրը… Եկեք վստահենք մեր ռազմական եւ պետական գործիչներին, որոնք իրենց գործը հրաշալի իրականացնում են, մնացածի աջակցությունը պետք է լինի հավատը»:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանը նշեց, որ ոգեշնչված է մեր տղաների սխրանքներով, հրամանատարական կազմի խելացի եւ ճկուն գործողություններով: «Իհարկե կոտրելու ենք Ադրբեջանի ողնաշարը, կասկած չկա, որ հաղթելու ենք եւ հաղթել ենք»,-ասաց մաեստրոն ու կոչ արեց վերանալ հուզականությունից եւ մտածել, թե ինչու պատահեց այս ամենը:

«Հենց հիմա արժանի լինելով մեր բանակի քաջագործություններին՝ պետք է մտածենք, թե ինչ չենք արել եւ ինչ պետք է անենք, որ այդ ամենը արագ շտկենք, մենք բաց ենք թողել մեր ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթական հաստատություններում՝ սկսած մանկապարտեզներից»,-հավելեց Տիգրան Հեքեքյանը:

«Ամեն մեկս մեր տեղում պետք է գործենք այնպես, ինչպես մեր բանակն է գործում…Դպրոցներում պետք է ռազմական գործ եւ քաղաքացիական պաշտպանություն սովորեցնել: Այսօր քաղաքի շենքերի նկուղները սեփականաշնորհված են եւ դարձել են կասկածելի կամ ոչ կասկածելի հաստատություններ, արդյոք դրանք հետ վերադարձնելու ժամանակը չէ…Պետք է հետ վերադարձնել բնական պաշարները, այն ամենը, ինչ մեզ գումար է բերում: Վաճառել են 110 մլն տարեկան եկամուտ բերող հանքը 130 միլիոնով, դա միթե նորմալ է, պետք է գրագետ այդ ամենը պետականացնել, մենք հզոր ենք մեր ռեսուրսներով»,- շեշտեց նա:

Տիգրան Հեքեքյանի խոսքով, ինչո՞ւ այնպես չենք ապրում, որ մեր պետական շահը համընկնի այլ երկրների պետական շահին, նրա համոզմամբ, պետք է հայրենասիրական դաստիարակություն տարածենք, գրագետ ժողովուրդ մեծացնենք:

«Հայկազունք» համույթի ղեկավար Գուսան Հայկազունն ասաց, որ համաձայն է բոլորի հետ, բայց անհրաժեշտ է հետեւություններ անել պատերազմից հետ, իսկ այս պահին պետք է հաղթել. «Ես վստահ եմ, որ մի քանի օր հետո ես Գետաշենում «Գետաշեն» եմ երգելու, վստահ եմ, որ մի քանի օրից Ալիեւը ծնկի է գալու Հայաստանի Հանրապետության առաջ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031