Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կրկին ցուցադրել է Արցախը հայերից բնաջնջելու իր մտադրությունը. Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտե

Հոկտեմբեր 05,2020 12:34

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանգեցրին լարվածության կտրուկ բարձրացման:

Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հանրայնորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտ դիմելով պատերազմի: Այդ նպատակով Ադրբեջանը նաև կողմնակի ուժեր է ներգրավում, դրանց թվում՝ Թուրքիային: Համաձայն հավաստի աղբյուրների՝ Թուրքիան, Սիրիայի տարբեր մասերից, օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ է տեղափոխում դեպի Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ օգտագործելու համար, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի զինված ուժերի հսկողության տակ:

Մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ Ադրբեջանը նախաձեռնել է նոր հարձակում, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, քանի որ Ադրբեջանը կրկին ցուցադրել է այդ տարածքը հայերից բնաջնջելու իր մտադրությունը:

Մի երկիր, որն իրեն ներկայացնում է իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել՝ արդեն հասել է իր իրավասության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության հետքի համակողմանի ոչնչացմանը՝ 20-րդ դարի ամբողջ ընթացքում իրականացնելով հայերի հարուստ մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն:

Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակը հողին հավասարեցրեց Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր: Կան բավարար փաստեր, այդ թվում լուսանկարներ և տեսագրություններ, որոնք ցույց են տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները: Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 16-րդ գլխավոր ժողովը 2008 թվականին ընդունել է մի բանաձև, որով միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտել վանդալիզմի այս գործողությունների վերաբերյալ և ցավով նշել, որ՝ «Այս ժառանգությունը, որ երբեմն արժանի տեղ էր զբաղեցնում համաշխարհային մշակույթի ժառանգության գանձարանում, այսօր այլևս չի կարող փոխանցվել գալիք սերունդներին»:

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ, որ ժառանգությունը պաշտպանվի: Լռություն պահպանելով՝ մենք ճանապարհ ենք հարթում աշխարհի տարբեր ծայրերում նոր մշակութային ոճրագործությունների համար:

2015 թվականին Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսում ընդունվեց հռչակագիր, որը խստագույնս դատապարտում է մշակութային զտումը, բարբարոսական ոչնչացումը, բռնությունը, գանձագողությունը և մարդկության մշակութային ժառանգության նկատմամբ իրագործվող այլևայլ հանցանքները:

Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների` տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:

Այսօր, միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր նախապես կազմակերպած հարձակման հետևանքների և տարածաշրջանային անվտանգության, ապակայունացման ամբողջ պատասխանատվությունը:

Ներկայում կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են: Մենք՝ թանգարանային ոլորտի մասնագետներս, պարտավորված ենք հանրահռչակել և միջազգային հանրությանը կոչ անել պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային բարօրությանը հասնելու միջոցներից է: Խորապես հավատում ենք ԻԿՕՄԻ-ի հանրահռչակած գաղափարախոսությանը, ըստ որի՝ թանգարաններն ու մշակույթը նպաստում են խաղաղությանն ու փոխընկալմանը, պահպանում մարդկության հիշողությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031